Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 54 · ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Հոդված 1016. Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը

գործել է մինչև 2025-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 1016. Ապահովագրության օբյեկտի նկատմամբ իրավունքներն այլ անձի փոխանցելը

1. Ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքներն այն անձից, որի օգտին կնքվել էր ապահովագրության պայմանագիրը, մեկ այլ անձի փոխանցելու դեպքում, այդ պայմանագրով իրավունքները և պարտականությունները նրան են անցնում միայն ապահովագրողի համաձայնությամբ, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, կարող է այդ իրավունքների ծագման պահից մեկամսյա ժամկետում միակողմանի լուծել ապահովագրության պայմանագիրը: Եթե անձը, որին փոխանցվել է ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, չգիտեր, որ օբյեկտն ապահովագրված է, ապա սույն կետով սահմանված մեկամսյա ժամկետը հաշվարկվում է այն պահից, երբ նա իմացել է կամ պարտավոր էր իմանալ, որ օբյեկտն ապահովագրված է:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով սահմանված կարգով պայմանագրի լուծման դեպքում փոխանցող անձը պարտավոր է վճարել մինչև պայմանագրի լուծումն ընկած ժամանակահատվածի համար ապահովագրության պայմանագրով սահմանված ապահովագրավճարները: Այս դեպքում անձը, որին փոխանցվել են ապահովագրված օբյեկտի նկատմամբ իրավունքները, պատասխանատվություն չի կրում ապահովագրավճարների վճարման համար:

4. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրի գործողության ընթացքում դատարանի կողմից ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու դեպքում նրա՝ ապահովագրության պայմանագրից բխող իրավունքներն ու պարտականություններն ապահովագրողի համաձայնությամբ իրականացնում է նրա խնամակալը կամ հոգաբարձուն, եթե ապահովագրության պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Սույն կետով նախատեսված համաձայնությունը չտալու դեպքում ապահովագրողը կարող է միակողմանի լուծել պայմանագիրը: Համաձայնությունը համարվում է տրված, եթե ապահովագրողն ապահովադրին անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու փաստի մասին տեղեկացվելուց հետո` մեկամսյա ժամկետում, ապահովագրության պայմանագիրը լուծելու մտադրության մասին չի տեղեկացնում ապահովադրի խնամակալին կամ հոգաբարձուին:

(1016-րդ հոդվածը լրաց. 11.06.04 ՀՕ-100-Ն, խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

&#9878Հոդված 1017. Ապահովագրական պատահարը տեղի ունենալու մասին ապահովագրողին ծանուցելը

1. Ոչ կյանքի ապահովագրության պայմանագրով ապահովադիրն ապահովագրական պատահարի վրա հասնելն իրեն հայտնի դառնալուց հետո պարտավոր է այդ մասին անհապաղ (ողջամիտ ժամկետում) տեղեկացնել ապահովագրողին կամ նրա ներկայացուցչին: Եթե պայմանագրով նախատեսված է ծանուցման ժամկետ և (կամ) եղանակ, ապա դա պետք է արվի սահմանված ժամկետում ու պայմանագրում նշված եղանակով:

Նման պարտականություն կրում է նաև շահառուն, որը տեղյակ է իր օգտին ապահովագրության պայմանագրի կնքված լինելու մասին, եթե նա մտադիր է օգտվել ապահովագրական հատուցում ստանալու իրավունքից:

2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված պարտականությունը չկատարելու դեպքում ապահովագրողն իրավունք ունի չվճարելու ապահովագրական հատուցումը, եթե չապացուցվի, որ նա ժամանակին իմացել է ապահովագրական պատահարի վրա հասնելու մասին կամ, որ այդ մասին ապահովագրողի մոտ տեղեկությունների բացակայությունը չէր կարող ազդել ապահովագրական հատուցում վճարելու նրա պարտականության վրա:

3. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված կանոնները համապատասխանաբար կիրառվում են կյանքի ապահովագրության պայմանագրի նկատմամբ, եթե ապահովագրական պատահար է ապահովագրված անձի մահը: Այդ դեպքում ապահովագրողին ծանուցելու համար պայմանագրով սահմանված ժամկետը չի կարող պակաս լինել երեսուն օրվանից:

(1017-րդ հոդվածը խմբ. 09.04.07 ՀՕ-178-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։