Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-02-27-ից մինչև 2025-04-06։Բացել գործող տեքստը
Գլուխ 30 · ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ՓՈՓՈԽԵԼԸ ԵՎ ԼՈՒԾԵԼԸ

Հոդված 467. Պայմանագիրը փոփոխելը և լուծելը հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ

գործել է մինչև 2025-04-06Բացել ARLIS-ում

Հոդված 467. Պայմանագիրը փոփոխելը և լուծելը հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ

1. Հանգամանքների, որոնցից ելել էին կողմերը պայմանագիրը կնքելիս, էական փոփոխությունը հիմք է պայմանագրի փոփոխման կամ լուծման համար, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով կամ չի բխում դրա էությունից:

Հանգամանքների փոփոխությունն էական է համարվում, եթե դրանք այնքան են փոփոխվել, որ եթե կողմերը կարողանային դա ողջամտորեն կանխատեսել, նրանց միջև կկնքվեր էականորեն տարբեր պայմաններով պայմանագիր կամ ընդհանրապես պայմանագիր չէր կնքվի:

2. Եթե կողմերը համաձայնության չեն հասել պայմանագիրն էականորեն փոփոխված հանգամանքներին համապատասխանեցնելու կամ դրա լուծման հարցում, պայմանագիրը կարող է լուծվել, իսկ սույն հոդվածի 4-րդ կետով նախատեսված հիմքերով` շահագրգիռ կողմի պահանջով փոփոխվել դատարանով` հետևյալ պայմանների միաժամանակյա առկայությամբ`

1) պայմանագիր կնքելու պահին կողմերը ելել են այն բանից, որ հանգամանքների նման փոփոխություն տեղի չի ունենա.

2) հանգամանքների փոփոխությունն առաջացել է այնպիսի պատճառներով, որոնք շահագրգիռ կողմը չի կարող հաղթահարել դրանք ծագելուց հետո` պայմանագրի բնույթով և շրջանառության պայմաններով նրանից պահանջվող հոգատարությամբ և շրջահայացությամբ.

3) պայմանագրի կատարումն առանց դրա պայմանների փոփոխման այնքան կխախտեր կողմերի` պայմանագրին համապատասխանող գույքային շահերի հարաբերակցությունը և շահագրգիռ կողմին այնպիսի վնաս կպատճառեր, որը նրան զգալի չափով կզրկեր այն բանից, որին իրավունք ուներ հավակնել պայմանագիրը կնքելիս.

4) գործարար շրջանառության սովորույթներից կամ պայմանագրի էությունից չի բխում, որ հանգամանքների փոփոխության ռիսկը կրում է շահագրգիռ կողմը:

3. Հանգամանքների էական փոփոխության հետևանքով պայմանագիրը լուծելիս դատարանը ցանկացած կողմի պահանջով որոշում է լուծման հետևանքները` ելնելով այդ պայմանագիրը կատարելու կապակցությամբ կողմերի կրած ծախսերը նրանց միջև արդարացի բաշխելու անհրաժեշտությունից:

4. Հանգամանքների էական փոփոխության կապակցությամբ դատարանի վճռով պայմանագրի փոփոխում թույլատրվում է բացառիկ դեպքերում, եթե պայմանագրի լուծումը հակասում է հանրային շահերին կամ կողմերին պատճառում է այնպիսի վնաս, որն զգալիորեն գերազանցում է դատարանի կողմից փոփոխած պայմաններով պայմանագրի կատարման համար անհրաժեշտ ծախսերը:

&#9878Հոդված 468. Պայմանագիրը փոփոխելու և լուծելու կարգը

1. Պայմանագրի փոփոխման կամ լուծման համաձայնությունը կնքվում է այն ձևով, ինչով պայմանագիրը, եթե այլ բան չի բխում օրենքից, այլ իրավական ակտերից, պայմանագրից կամ գործարար շրջանառության սովորույթներից:

1.1. Պայմանագրի ընդհանուր պայմանները (հոդված 443) միակողմանի կարելի է փոփոխել, եթե այդպիսի փոփոխման հնարավորությունը նախատեսված է կողմերի միջև կնքված, պայմանագրի ընդհանուր պայմաններին հղում պարունակող պայմանագրով կամ օրենքով։

1.2. Պայմանագրի ընդհանուր պայմանները (հոդված 443) միակողմանի փոփոխելու դեպքում դրանք փոփոխող կողմը փոփոխության վերաբերյալ մյուս կողմին տեղեկացնում է կողմերի միջև համաձայնեցված այնպիսի եղանակով, որն ապահովում է կատարված փոփոխություններին մատչելի եղանակով և ամբողջապես ծանոթանալու, դրանք պահպանելու և անփոփոխ կերպով վերարտադրելու հնարավորությունները: Փոփոխության վերաբերյալ տեղեկատվությունը տրամադրվում է մինչև փոփոխությունն ուժի մեջ մտնելը՝ ողջամիտ ժամկետում, եթե պայմանագրով, օրենքով կամ այլ իրավական ակտերով այլ ժամկետ նախատեսված չէ:

2. Կողմը կարող է պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին պահանջը դատարան ներկայացնել միայն պայմանագրի փոփոխման կամ լուծման առաջարկի վերաբերյալ մյուս կողմի մերժումն ստանալուց կամ այդ առաջարկում նշված ժամկետում պատասխանը չստանալուց հետո, իսկ դրա բացակայության դեպքում` երեսնօրյա ժամկետում:

(468-րդ հոդվածը լրաց. 24.05.23 ՀՕ-184-Ն)

&#9878Հոդված 469. Պայմանագիրը փոփոխելու և լուծելու հետևանքները

1. Պայմանագիրը փոփոխելիս կողմերի պարտավորությունները պահպանվում են ըստ փոփոխված պայմանագրի:

2. Պայմանագիրը լուծվելիս կողմերի պարտավորությունները դադարում են:

3. Պայմանագրի փոփոխման կամ լուծման դեպքում պարտավորությունները փոփոխված կամ դադարած են համարվում պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին կողմերի համաձայնությունը կնքելու պահից, եթե այլ բան չի բխում համաձայնությունից կամ պայմանագրի փոփոխության բնույթից, իսկ դատական կարգով պայմանագիրը փոփոխելիս կամ լուծելիս` պայմանագրի փոփոխման կամ լուծման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելու պահից:

4. Կողմերն իրավունք չունեն պահանջելու վերադարձնել այն, ինչը կատարել են պարտավորությամբ մինչև պայմանագրի փոփոխման կամ լուծման պահը, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ կողմերի համաձայնությամբ:

5. Եթե պայմանագրի փոփոխման կամ լուծման համար հիմք է ծառայել կողմերից մեկի թույլ տված պայմանագրի էական խախտումը, մյուս կողմն իրավունք ունի պահանջել հատուցելու պայմանագրի փոփոխմամբ կամ լուծմամբ պատճառված վնասները:

ԵՐԿՐՈՐԴ ԵՆԹԱԲԱԺԻՆ

ԳՈՒՅՔԻ ՕՏԱՐՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։