Հոդված 125. Հիմնական դրույթներ իրավաբանական անձանց միությունների մասին
Հոդված 125. Հիմնական դրույթներ իրավաբանական անձանց միությունների մասին
1. Առևտրային կազմակերպությունները, իրենց ձեռնարկատիրական գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր գույքային շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով, կարող են ստեղծել միություններ:
Եթե մասնակիցների որոշմամբ միությանն իրավունք է վերապահվել իրականացնելու ձեռնարկատիրական գործունեություն, ապա այդպիսի միությունը, սույն օրենսգրքով սահմանված կարգով, վերակազմավորվում է տնտեսական ընկերակցության կամ ընկերության, կամ կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու համար ստեղծել տնտեսական ընկերություն, կամ լինել նման ընկերության մասնակից:
2. Ոչ առևտրային կազմակերպություններն իրենց գործունեությունը համակարգելու, ինչպես նաև ընդհանուր շահերը ներկայացնելու և պաշտպանելու նպատակներով կարող են ստեղծել միություններ:
3. Միության մասնակիցները պահպանում են իրենց ինքնուրույնությունը և իրավաբանական անձի իրավունքները:
4. Հիմնադիրների (մասնակիցների) կողմից միությանը հանձնված գույքը միության սեփականությունն է: Միությունն այդ գույքն օգտագործում է իր կանոնադրությամբ սահմանված նպատակներով:
5. Միությունը պատասխանատու չէ իր մասնակիցների պարտավորությունների համար: Միության մասնակիցները կանոնադրությամբ սահմանված չափով և կարգով սուբսիդիար պատասխանատվություն են կրում միության պարտավորությունների համար:
6. Միության անվանումը պետք է նշում պարունակի նրա մասնակիցների գործունեության հիմնական առարկայի մասին, ինչպես նաև ներառի «միություն» բառը:
7. Միության լուծարման դեպքում նրա գույքն ուղղվում է միության կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:
8. Միությունների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական վիճակը սահմանվում են սույն օրենսգրքով և այլ օրենքներով: