Հոդված 463. Պայմանագրի կնքելը սակարկություններով
Հոդված 463. Պայմանագրի կնքելը սակարկություններով
1. Պայմանագիրը, եթե այլ բան չի բխում դրա էությունից, կարող է կնքվել սակարկությունների միջոցով: Պայմանագիրը կնքվում է սակարկություններում հաղթած անձի հետ:
2. Որպես սակարկությունների կազմակերպիչ` կարող է հանդես գալ գույքի սեփականատերը, գույքային իրավունքներ տիրապետողը կամ մասնագիտացված կազմակերպությունը: Մասնագիտացված կազմակերպությունը գործում է գույքի սեփականատիրոջ կամ գույքային իրավունքի տիրապետողի հետ կնքված պայմանագրի հիման վրա և հանդես է գալիս նրանց կամ իր անունից:
3. Սույն օրենսգրքում կամ այլ օրենքում նշված դեպքերում գույքը կամ գույքային իրավունքը վաճառելու մասին պայմանագրերը կարող են կնքվել միայն սակարկությունների միջոցով:
4. Սակարկություններն անց են կացվում աճուրդի կամ մրցույթի ձևով: Աճուրդում հաղթած է համարվում առավել բարձր գին առաջարկած անձը, իսկ մրցույթում` այն անձը, որը սակարկությունների կազմակերպիչների կողմից նախապես նշանակված մրցութային հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմաններ: Սակարկությունների ձևը որոշում է վաճառվող գույքի սեփականատերը կամ իրացվող գույքային իրավունք տիրապետողը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով: