Հոդված 949. Վճարելու երաշխիքը
Հոդված 949. Վճարելու երաշխիքը
1. Չեկով վճարը կարող է լրիվ կամ մասնակի երաշխավորվել ավալի միջոցով:
Չեկով վճարի երաշխիք (ավալ) կարող է տալ ցանկացած անձ, բացի վճարողից:
2. Ավալը դրվում է չեկի երեսին կամ լրացուցիչ թերթիկի վրա` «Համարել ավալ» մակագրությամբ ու նշումով, թե ում կողմից և ում համար է տրվել: Եթե չի նշված, թե ում համար է տրված, համարվում է, որ ավալը տրված է չեկ տվողի համար:
Ավալն ստորագրում է ավալիստը` իր բնակության վայրի և մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով, իսկ եթե ավալիստն իրավաբանական անձ է` նրա գտնվելու վայրի և մակագրություն կատարելու տարվա, ամսվա ու ամսաթվի նշումով:
3. Ավալիստն ավալն ստացողի հետ համապարտ պատասխանատվություն է կրում:
Ավալիստի պարտավորությունն իրական է նույնիսկ այն դեպքում, եթե պարտավորությունը, որը նա երաշխավորել է որևէ հիմքով, բացի ձևը պահպանելուց, եղել է անվավեր:
4. Ավալիստը, վճարելով չեկը, ձեռք է բերում չեկից բխող իրավունքներն այն անձի հանդեպ, ում համար նա տվել է երաշխիք և այն անձանց, ովքեր պարտավոր են երաշխիք ստացածի հանդեպ: