Հոդված 224. Բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը
Հոդված 224. Բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի ընդհանուր գույքը
1. Բազմաբնակարան շենքի շինությունների սեփականատերերին ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով պատկանում են շենքը կրող կառուցվածքները, շենքի միջհարկային ծածկերը (առաստաղները, հատակները), նկուղը, ձեղնահարկը, տեխնիկական հարկերը, տանիքը, ինչպես նաև մեկից ավելի շինություններ սպասարկող և բազմաբնակարան շենքի միասնական ամբողջական սպասարկման համար նախատեսված մուտքերը, աստիճանավանդակները, աստիճանները, վերելակները, վերելակային և այլ հորերը, մեխանիկական, էլեկտրական, սանիտարատեխնիկական և այլ սարքավորումներն ու տարածքները, շենքի պահպանման և սպասարկման համար անհրաժեշտ հողամասերը, որոնք չեն հանդիսանում այլ անձանց սեփականություն:2. Բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերն իրավունք չունի առանձին օտարելու բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքների ընդհանուր գույքի նկատմամբ սեփականության իրավունքում իր բաժինը, ինչպես նաև կատարելու բնակարանի և (կամ) ոչ բնակելի տարածքների նկատմամբ սեփականության իրավունքից առանձին այդ բաժինն ուրիշին հանձնելուն հանգեցնող այլ գործողություններ, բացառությամբ սույն հոդվածով և սույն օրենսգրքի 270 հոդվածով սահմանված դեպքերի:
3. Բազմաբնակարան շենքերի բնակարանների և (կամ) ոչ բնակելի տարածքների սեփականատերերի վրա չեն տարածվում սույն օրենսգրքի 195 հոդվածի և 197 հոդվածի 2-6-րդ կետերում նախատեսված կանոնները:
4. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում բնակարան կամ ոչ բնակելի տարածք ձեռք բերելիս սեփականության իրավունքով ձեռք է բերվում հողամասի համապատասխան բաժնային մասը:
5. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում բնակարանի, ոչ բնակելի տարածքների և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքը ձեռք է բերվում շենքի, շինության շահագործման ակտը սահմանված կարգով ձևակերպելուց հետո:
6. Կառուցվող բազմաբնակարան (ստորաբաժանված) շենքերում հողամասի, բնակարանի և ընդհանուր օգտագործման տարածքների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման կարգը սահմանվում է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով:
(224-րդ հոդվածը խմբ., լրաց. 07.05.02 ՀՕ-336, խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)