Հոդված 675. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը
Հոդված 675. Բնակելի տարածության վարձակալության պայմանագրի լուծումը
1. Բնակելի տարածության վարձակալը և նրա հետ մշտապես բնակվող մյուս քաղաքացիներն ընդհանուր համաձայնությամբ իրավունք ունեն ցանկացած ժամանակ լուծելու վարձակալության պայմանագիրը` երեք ամիս առաջ գրավոր նախազգուշացնելով վարձատուին:
2. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը վարձատուի պահանջով կարող է լուծվել դատական կարգով, եթե`
1) վարձակալը պայմանագրով նախատեսված ժամկետի ավարտից հետո ավելի քան երկու անգամ չի վճարել բնակելի տարածության վարձավճարը.
2) վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, քանդել կամ փչացրել են բնակելի տարածությունը:
3. Եթե բնակելի տարածության վարձակալը կամ այն քաղաքացիները, որոնց գործողությունների համար նա պատասխանատվություն է կրում, բնակելի տարածությունն օգտագործում են դրա նշանակությանը անհամապատասխան կամ պարբերաբար խախտում են հարևանների իրավունքները և շահերը, վարձատուն իրավունք ունի վարձակալին նախազգուշացնելու խախտումները վերացնելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև դատական կարգով լուծելու բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը:
4. Բնակելի տարածության վարձակալության պայմանագիրը կողմերից յուրաքանչյուրի պահանջով կարող է լուծվել սույն օրենսգրքի 272 հոդվածով սահմանված դեպքում կամ դատական կարգով`
1) եթե բնակելի տարածությունը դադարում է բնակության համար պիտանի լինելուց, ինչպես նաև դրա վթարային վիճակի դեպքում.
2) օրենքով կամ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
(675-րդ հոդվածը խմբ. 04.10.05 ՀՕ-188-Ն)