Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2011-01-09-ից մինչև 2018-06-09։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԹՈՂԱՐԿՄԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 13. Թողարկողի գործունեության հրապարակայնությունը

գործել է մինչև 2018-06-09Բացել ARLIS-ում

Հոդված 13. Թողարկողի գործունեության հրապարակայնությունը

1. Թողարկողը պարտավոր է կազմել, Կենտրոնական բանկ ներկայացնել և իր ինտերնետային տնային էջում հրապարակել սույն օրենքով սահմանված կարգով հիփոթեքային պարտատոմսերի թողարկման առնչությամբ կազմված եռամսյակային հաշվետվություններ, որոնց ձևը, ներկայացման և հրապարակման կարգը և ժամկետները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Եռամսյակային հաշվետվություններում պետք է ներառվեն՝

1) հիփոթեքային պարտատոմսերի գծով չմարված պարտավորությունների գումարը, ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների գումարը՝ անվանական արժեքի գումարի չափով, այդ ակտիվների զուտ ներկա արժեքը, ապահովման միջոցներ հանդիսացող հիփոթեքային վարկերի մնացորդային արժեքը, ինչպես նաև վարկի գումարի և գրավի առարկայի արժեքի հարաբերակցությունը.

2) չմարված հիփոթեքային պարտատոմսերի կառուցվածքն ըստ ժամկետայնության, ինչպես նաև ապահովման միջոց հանդիսացող ակտիվների ֆիքսված տոկոսադրույքների ժամանակահատվածներն ըստ տարիների.

3) թողարկողի կողմից կնքված ածանցյալ արժեթղթերի տեսակները, գործարքների ընդհանուր գումարային մեծությունը.

4) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների տեղաբաշխումը՝

ա. ըստ ակտիվների անվանական արժեքի,

բ. ըստ անշարժ գույքի գտնվելու վայրերի (մարզերի, քաղաքների, գյուղերի, համայնքների),

գ. ըստ գրավ հանդիսացող անշարժ գույքի օգտագործման նպատակի,

դ. ըստ գրավ հանդիսացող անշարժ գույքի տեսակների՝ հողամաս և (կամ) բազմաբնակարան շենքի բնակարան, և (կամ) անհատական բնակելի տուն և (կամ) մշտական բնակության համար չնախատեսված շենք, և (կամ) արտադրական և (կամ) առևտրային շինություն.

5) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների գծով կատարված վճարումները 90 օրվա կտրվածքով՝ ըստ 4-րդ կետի «բ» ենթակետում նշված վայրերի.

6) ապահովման միջոցների մեջ մտնող ակտիվների հետ կապված իրացված անշարժ գույքի քանակը հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ իրացման գործընթացում գտնվող անշարժ գույքի թվաքանակը.

7) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում այն դեպքերի թվաքանակը, որոնց ժամանակ թողարկողը միջոցներ է ձեռնարկել ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկերի գրավի առարկան իրացնելու ուղղությամբ՝ կանխելու համար վնասները.

8) ապահովման միջոց հանդիսացող դասակարգված հիփոթեքային վարկերի քանակը և գումարը.

9) հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում ապահովման միջոց հանդիսացող հիփոթեքային վարկերի մարման գրաֆիկին ոչ համապատասխան կատարված վճարումների գումարային մեծությունը.

10) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:

2. Թողարկողի կողմից ներկայացվող հաշվետվությունները և տեղեկությունները պետք է լինեն ամբողջական և արժանահավատ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։