Հոդված 5. Հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցները
Հոդված 5. Հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցները
1. Հիփոթեքային պարտատոմսերը պետք է ապահովված լինեն հիփոթեքային վարկերի գրավով (հիմնական ակտիվներով):
2. Մինչև հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների ամբողջությամբ կատարումն ակտիվների՝ ապահովման միջոցներից սույն օրենքով նախատեսված հիմքերով դուրսգրման դեպքում թողարկողին թույլատրվում է դրանք փոխարինել այլ ակտիվներով՝ հիփոթեքային պարտատոմսերի գծով չմարված պարտավորությունների գումարի մինչև 10 տոկոսի չափով (փոխարինող ակտիվներ):
Փոխարինող ակտիվներ են համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած այլ պետությունների կամ Կենտրոնական բանկի (այսուհետ՝ Կենտրոնական բանկ) սահմանած վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված և (կամ) երաշխավորված պարտատոմսերը.
2) Կենտրոնական բանկի սահմանած վարկանիշ ունեցող առևտրային բանկերում ունեցած ավանդները.
3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ ակտիվները:
3. Թողարկողը սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված գերազանցող գումարի չափով պարտավոր է ունենալ հետևյալ լրացուցիչ ակտիվները՝
1) Հայաստանի Հանրապետության պետական պարտատոմսերը, Կենտրոնական բանկի սահմանած այլ պետությունների կամ Կենտրոնական բանկի սահմանած վարկանիշ ունեցող միջազգային կազմակերպությունների կողմից թողարկված և (կամ) երաշխավորված պարտատոմսերը.
2) Կենտրոնական բանկի սահմանած վարկանիշ ունեցող առևտրային բանկերում ունեցած ավանդները.
3) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված այլ ակտիվները:
4. Սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի 1-ին կետում նշված պարտատոմսերն ապահովման միջոցներում ներառվում են դրանց շուկայական արժեքի 95 տոկոսի չափով, սակայն ոչ ավելի պարտատոմսերի անվանական արժեքից: