Հոդված 6. Հիփոթեքային վարկերը
Հոդված 6. Հիփոթեքային վարկերը
1. Հիփոթեքային վարկերը կարող են ընդգրկվել հիմնական ակտիվներում միայն հետևյալ չափանիշներին համապատասխանելու դեպքում՝
1) եթե հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքը գտնվում է Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ հիփոթեքի առարկան Հայաստանի Հանրապետության տարածքում հողամասի կառուցապատում իրականացնելու իրավունք է.
2) եթե հիփոթեքը առաջնային գրավ է և չի կարող հանդիսանալ հաջորդող գրավի առարկա.
3) հիփոթեքային վարկի գումարը չի գերազանցում այդ հիփոթեքային վարկի գծով պարտավորությունների ապահովման միջոց հանդիսացող գրավի առարկայի (անշարժ գույքի) գնահատված շուկայական արժեքի 70 տոկոսը: Ընդ որում, այդ հիփոթեքային վարկը ներառվում է հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներում թողարկման պահին հիփոթեքային վարկի մնացորդային արժեքի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հիփոթեքի առարկա հանդիսացող անշարժ գույքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով և անշարժ գույքի գնահատման գործունեության լիցենզիա ունեցող, տվյալ ոլորտում առնվազն 2 տարվա գործունեություն իրականացնող, ինչպես նաև հիփոթեքային վարկի տրամադրման գործընթացում չընդգրկված և իր պատասխանատվության ռիսկի՝ առնվազն նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկի չափով ապահովագրություն ունեցող գնահատողի կողմից:
Հիփոթեքային պարտատոմսերի թողարկման պահին այդ պարտատոմսերի ապահովման միջոցների վերագնահատումը կարող է իրականացվել միայն այն դեպքում, եթե անշարժ գույքի շուկայում տեղի է ունեցել գների էական անկում: Էական անկում է համարվում տվյալ օրվա դրությամբ ապահովման միջոց հանդիսացող անշարժ գույքի գրավադրման օրվա համեմատ անշարժ գույքի շուկայում անշարժ գույքի գների 10 և ավելի տոկոսի չափով անկումը: Անշարժ գույքի շուկայում անշարժ գույքի գների էական անկման դեպքում հսկողը կարող է պահանջել թողարկողից իրականացնել ապահովման միջոցների վերագնահատում: Հսկողն իրականացնում է անշարժ գույքի գների պարբերական դիտարկումներ՝ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված կարգով:
3. Հողամասի կառուցապատման իրավունքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերը թույլատրվում է ընդգրկել ապահովման միջոցներում, եթե հիփոթեքային վարկի տրամադրման ժամկետն ավարտվում է հողամասի կառուցապատման իրավունքի ժամկետի ավարտից առնվազն 10 տարի շուտ:
4. Հողամասի կառուցապատման իրավունքի գրավով ապահովված հիփոթեքային վարկերի գումարը չպետք է գերազանցի հիփոթեքային պարտատոմսերի ապահովման միջոցներում ներառված ակտիվների գումարի 20 տոկոսը: