Հոդված 12. Ապահովման միջոցների գրավադրումը
Հոդված 12. Ապահովման միջոցների գրավադրումը
1. Սույն օրենքի ուժով ապահովման միջոցները համարվում են գրավադրված՝ ի ապահովումն հիփոթեքային պարտատոմսերից բխող պարտավորությունների կատարման Կենտրոնական բանկի կողմից ակտիվների ցանկը գրանցելու պահից:
Ակտիվների գրավադրումը, առանց սահմանափակումների, ներառում է ակտիվների նկատմամբ պահանջներից բխող իրավունքների, ակտիվների գծով ստացվելիք եկամուտների, վճարումների, առկա կամ ապագայում ստացվելիք այլ միջոցների գրավադրումը: Նման միջոցներ ու վճարումներ են հանդիսանում ակտիվների գծով մայր գումարները, տոկոսագումարները, ապահովագրությունից ստացվելիք միջոցները, ակտիվների գծով ստացվելիք տույժերը և տուգանքները, այլ վճարները, գրավի պայմանագրերից ծագող իրավունքները, հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերին դեռևս չվճարված գումարները:
2. Կենտրոնական բանկի կողմից ակտիվների գրանցումը պետական գրանցում է, և ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքի որևէ այլ գրանցում չի պահանջվում:
3. Ակտիվների ցանկը ներկայացվում է Կենտրոնական բանկ գրանցման` հիփոթեքային պարտատոմսերի թողարկման ազդագրի հետ միաժամանակ:
Կենտրոնական բանկը՝ 20 աշխատանքային օրվա ընթացքում, գրանցում է ակտիվների ցանկը, եթե առկա է հսկողի գրավոր հավաստագիրը՝ ակտիվների՝ սույն օրենքի պահանջներին համապատասխանության մասին:
4. Հսկողն ակտիվների ցանկում կատարված ցանկացած փոփոխությունների դեպքում պարտավոր է մեկ աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացնել Կենտրոնական բանկին: Ակտիվների ցանկում կատարված փոփոխությունները հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից, եթե առկա է հսկողի գրավոր հավաստագիրը՝ ակտիվների՝ սույն օրենքի պահանջներին համապատասխանության վերաբերյալ: