Հոդված 18. Հիփոթեքային կառավարչի նշանակումը և ազատումը
Հոդված 18. Հիփոթեքային կառավարչի նշանակումը և ազատումը
1. Թողարկողի բանկային կամ վարկային կազմակերպության գործունեության լիցենզիան ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից թողարկողի անվճարունակության մասին որոշման կամ դատարանի կողմից սնանկության մասին որոշման կայացման պահից ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվների կառավարման նպատակով Կենտրոնական բանկը նշանակում է հիփոթեքային կառավարիչ (այսուհետ՝ կառավարիչ):
2. Կառավարչի նշանակման մասին Կենտրոնական բանկի խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և երկու աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով:
3. Կառավարիչը պետք է ունենա համապատասխան որակավորման վկայական, որը տրվում է Կենտրոնական բանկի կողմից: Կառավարչի որակավորման կարգը, նրանց ներկայացվող պահանջները, վկայականների տրման և դրանց գործողության դադարման կարգն ու պայմանները սահմանում է Կենտրոնական բանկը:
4. Կառավարիչը և «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդի կառավարիչների և ապահովագրական ընկերությունների սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն նշանակված թողարկողի ժամանակավոր ադմինիստրացիայի ղեկավարը և (կամ) անդամները և (կամ) լուծարային կառավարիչը և (կամ) լուծարային հանձնաժողովը պետք է լինեն տարբեր անձինք:
5. Կառավարիչը կառավարում է ապահովման միջոցներ հանդիսացող ակտիվները՝ ելնելով ապահովված հիփոթեքային պարտատոմսերում ներդրողների շահերից (ֆիդուցիար պարտականություն): Կառավարչի կողմից պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու դեպքում Կենտրոնական բանկը ազատում է նրան կառավարչի պարտականությունների կատարումից կամ ուժը կորցրած է ճանաչում նրա որակավորման վկայականը:
Կենտրոնական բանկի վերոհիշյալ որոշումը երկու աշխատանքային օրվա ընթացքում ենթակա է հրապարակման առնվազն երկու հազար տպաքանակ ունեցող մամուլով և (կամ) զանգվածային լրատվության այլ միջոցներով:
Կենտրոնական բանկի որոշումը կառավարչի կողմից կարող է բողոքարկվել դատական կարգով, եթե այն կայացվել է սույն օրենքի խախտմամբ: Որոշման բողոքարկումը չի կասեցնում այդ որոշման գործողությունը գործի ողջ դատական քննության ընթացքում:
(18-րդ հոդվածը լրաց. 22.12.10 ՀՕ-270-Ն)