Հոդված 8. Ապահովման միջոցների ռեգիստրը
Հոդված 8. Ապահովման միջոցների ռեգիստրը
1. Հիփոթեքային պարտատոմսերի գծով պարտավորությունների ապահովման միջոցների հաշվառումն իրականացնում է թողարկողը` ապահովման միջոցների ռեգիստրի վարման միջոցով: Ապահովման միջոցների ռեգիստրի վարման, այդ թվում` թողարկողի կողմից ռեգիստրում ներառված տեղեկությունների` Կենտրոնական բանկ ներկայացման կարգը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով:
2. Ակտիվները կարող են հանդիսանալ ապահովման միջոցներ, եթե՝
1) համապատասխանում են սույն օրենքի 5-րդ և 6-րդ հոդվածներով սահմանված պահանջներին.
2) ակտիվների նկատմամբ պահանջի իրավունքը գրավադրված չէ:
Ապահովման միջոց հանդիսացող ակտիվները, իսկ սույն օրենքով նախատեսված դեպքերում ածանցյալ արժեթղթերով գործարքներ կնքելու դեպքում նաև այդ գործարքներից բխող պահանջները, յուրաքանչյուր թողարկողի կողմից ենթակա են գրանցման ապահովման միջոցների ռեգիստրում՝ հսկողի գրավոր համաձայնությամբ և Կենտրոնական բանկի թույլտվությամբ: Առանց պահանջվող համաձայնության և թույլտվության ակտիվների գրանցումն ապահովման միջոցի ռեգիստրում համարվում է անվավեր:
3. Ապահովման միջոցների ռեգիստրում պետք է ներառվեն ապահովման միջոցների վերաբերյալ հետևյալ տեղեկությունները՝
1) հիփոթեքային վարկերի դեպքում՝ վարկային պայմանագրերի կնքման ամսաթիվը, համարը, վարկի գումարը, տոկոսադրույքը և դրանց արժույթը, ժամկետը, վարկի գումարի և տոկոսների մարման գրաֆիկը, վարկի մնացորդային արժեքը, վարկի գումարի և գրավի առարկայի արժեքի հարաբերակցությունը, վարկերի ապահովություն հանդիսացող գրավի առարկան, վերջինիս նկարագրությունը, այդ թվում՝ գտնվելու վայրը (հասցեն), շինության տեսակը, հարկը (հարկայնությունը), իսկ հողամասի կառուցապատման իրավունքի դեպքում՝ իրականացման վայրը, շուկայական արժեքը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով այլ արժեքները գնահատված լինելու դեպքում նաև գնահատված այլ արժեքները, ինչպես նաև այլ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են գրավի առարկայի նույնականացման համար.
2) փոխարինող և լրացուցիչ ակտիվների տեսակը, շուկայական արժեքը, անվանական արժեքը.
3) ածանցյալ արժեթղթերով կնքված գործարքների տեսակները, գործարքի գումարը, կնքման օրը և կատարման ժամկետը, ինչպես նաև գործարքի մյուս կողմի վերաբերյալ Կենտրոնական բանկի կողմից սահմանված տեղեկությունները.
4) Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված այլ տեղեկություններ:
4. Ակտիվն ապահովման միջոցների ռեգիստրից դուրս է գրվում՝
1) ակտիվի մարման, այդ թվում` վաղաժամկետ մարման դեպքում.
2) ակտիվի՝ որպես 90 օր և ավելի ժամկետանց ակտիվ դասակարգվելու դեպքում.
3) թողարկումից հետո ակտիվի՝ սույն օրենքով սահմանված պահանջներին չհամապատասխանելու դեպքում:
Ակտիվները կարող են դուրս գրվել նաև ռեգիստրից ապահովման միջոցների՝ սույն օրենքով սահմանված արժեքից ավելին լինելու և ապահովման միջոցների ռեգիստրում մնացող ակտիվների՝ սույն օրենքով սահմանված պահանջները բավարարելու դեպքում:
Ապահովման միջոցների ռեգիստրում գրանցված ակտիվները դուրս են գրվում ռեգիստրից միայն հսկողի գրավոր համաձայնությամբ և Կենտրոնական բանկի թույլտվությամբ:
5. Սույն հոդվածի 4-րդ մասի 1-3-րդ կետերում նշված հիմքերով ակտիվների դուրսգրման դեպքերում թողարկողը պարտավոր է նույն աշխատանքային օրվա ընթացքում ակտիվները փոխարինել սույն օրենքի պահանջներին համապատասխանող այլ ակտիվներով:
6. Թողարկողը պարտավոր է հսկողի պահանջով նույն աշխատանքային օրվա ընթացքում նրան տրամադրել տեղեկություններ ռեգիստրում գրանցված ակտիվների դիմաց ստացված գումարների, ինչպես նաև այդ ակտիվների հետ կապված ցանկացած փոփոխությունների վերաբերյալ, որոնք կարող են նշանակություն ունենալ հիփոթեքային պարտատոմսերի սեփականատերերի համար: