Հոդված 126. Հաշվետու թողարկողների կողմից տեղեկատվության պարբերական բացահայտումը
Հոդված 126. Հաշվետու թողարկողների կողմից տեղեկատվության պարբերական բացահայտումը
1. Հաշվետու թողարկողը պարտավոր է հրապարակել և Կենտրոնական բանկ ներկայացնել՝
1) անկախ աուդիտորական եզրակացությամբ հաստատված տարեկան հաշվետվություններ.
2) միջանկյալ հաշվետվություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունների բովանդակության, ձևի, պարբերականության և հրապարակման կարգի նկատմամբ մանրամասն պահանջները սահմանվում են Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով: Նշված պահանջների սահմանման ժամանակ հաշվի են առնվում հաշվետու թողարկողի չափերը, դրա կողմից թողարկված արժեթղթերով կատարված գործարքների ծավալները, արժեթղթի տեսակը:
3. Հաշվետու թողարկողը պարտավոր է ցանկացած անձի պահանջով վերջինիս տրամադրել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հաշվետվությունները՝ գանձելով միայն պատճենահանման ծախսերը:
4. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջը չի տարածվում՝
1) Հայաստանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության համայնքների և Կենտրոնական բանկի վրա.
2) այն թողարկողների վրա, որոնց կողմից թողարկված արժեթղթերը երաշխավորված են Հայաստանի Հանրապետության կամ Կենտրոնական բանկի կողմից.
3) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված արժեթղթերի թողարկողների վրա:
5. Շուկայի օպերատորը կարող է շուկայի կանոններով սահմանել տեղեկությունների բացահայտման լրացուցիչ պահանջներ հաշվետու թողարկողների համար:
6. Սույն հոդվածի և սույն օրենքի 127-րդ հոդվածի իմաստով հաշվետու թողարկող է հանդիսանում նաև կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված դեպոզիտար ստացականի հիմքում ընկած արժեթղթերի թողարկողը: