Հոդված 103. Հանձնաժողովի կայացրած վարչական ակտերը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելը
Հոդված 103. Հանձնաժողովի կայացրած վարչական ակտերը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելը
1. Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման են ենթակա Հանձնաժողովի անբողոքարկելի դարձած վարչական ակտերը:
2. Նոր երևան եկած հանգամանքներով վարչական ակտերը վերանայում է Հանձնաժողովը:
3. Նոր երևան եկած հանգամանքով վարչական ակտի վերանայման առիթներն են՝
1) վարույթի մասնակիցների դիմումները.
2) Հանձնաժողովի կողմից իր լիազորությունների իրականացման ընթացքում վարչական ակտի վերանայման հիմք հանդիսացող նոր երևան եկած հանգամանքի հայտնաբերումը:
4. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են վարչական ակտի վերանայման համար, եթե՝
1) այդ հանգամանքները գոյություն են ունեցել վարչական վարույթի ընթացքում, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել Հանձնաժողովին, և դրանք գործի լուծման համար ունեն էական նշանակություն.
2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, կեղծված ապացույցներն ընկած են եղել վարչական ակտի հիմքում.
3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ Հանձնաժողովի անդամը, որի ձայնը որոշիչ ազդեցություն է ունեցել վարչական ակտի կայացման հարցում, կատարել է գործի քննության հետ կապված հանցավոր արարք:
5. Հանձնաժողովը նոր երևան եկած հանգամանքով վարչական ակտի վերանայման առիթները քննարկում է տասնօրյա ժամկետում՝ բացահայտելով սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերի առկայության կամ բացակայության հարցը:
6. Քննարկման արդյունքում Հանձնաժողովը որոշում է կայացնում՝
1) վարչական ակտի վերանայման վերաբերյալ վարույթ հարուցելու մասին, եթե եզրահանգում է, որ առկա է սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերից որևէ մեկը.
2) վարչական ակտի վերանայման վերաբերյալ վարույթի հարուցումը մերժելու մասին, եթե եզրահանգում է, որ բացակայում են սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված հիմքերը, կամ վարչական ակտի՝ անբողոքարկելի դառնալու պահից անցել է հինգ տարի.
3) դիմումն առանց քննության թողնելու մասին, եթե դիմումատուն դիմումում չի նշել վերանայվող վարչական ակտի մասին տեղեկատվություն և (կամ) որևէ հանգամանք, որը, ըստ դիմումատուի, կարող է հիմք հանդիսանալ վարչական ակտի վերանայման համար:
7. Վերանայման վարույթի հարուցումը մերժելու և դիմումն առանց քննության թողնելու մասին որոշումները կարող են բողոքարկվել դատական կարգով երկամսյա ժամկետում:
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
Երևան
5 դեկտեմբերի 2000 թ.
ՀՕ-112