Հոդված 90. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընդունվող որոշումները
Հոդված 90. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում ընդունվող որոշումները
1. Տնտեսական մրցակցության բնագավառում իրավախախտման վերաբերյալ վարույթի արդյունքում Հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից մեկը կամ մի քանիսը.
1) պատասխանատվության միջոց կիրառելու մասին.
2) պատասխանատվության միջոցի կիրառումից ազատելու մասին.
3) իրավախախտման վերաբերյալ վարույթը կարճելու մասին։
2. Հանձնաժողովի կողմից պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշում ընդունելու դեպքում Հանձնաժողովը կարող է վարույթով պատասխանողի գույքի վրա կիրառված տուգանքի չափով նույն կամ մինչև այդ որոշման անբողոքարկելի դառնալն ընդունված առանձին պատճառաբանված որոշմամբ դնել արգելանք, եթե նման որոշում չկայացնելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել Հանձնաժողովի՝ պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշման կատարումը:
3. Պատասխանատվության միջոց կիրառելու մասին որոշումն արգելանք դնելու մասով կամ առանձին ընդունված արգելանք դնելու մասին որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից և ենթակա է անհապաղ կատարման Հարկադիր կատարումն ապահովող ծառայության կողմից՝ «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված կարգով:
4. (մասն ուժը կորցրել է 03.07.25 ՀՕ-205-Ն, 11.04.24 ՀՕ-183-Ն)
5. Արգելանք դնելու մասին որոշումը Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն ուղարկելու վերաբերյալ գրությունը Հանձնաժողովի նախագահի գրությամբ հետ է պահանջվում, եթե՝
1) վարույթով պատասխանողի վերաբերյալ ընդունված պատասխանատվության միջոց կիրառելու մասին անբողոքարկելի որոշումը «Կատարողական վարույթի մասին» օրենքով սահմանված ժամկետում և կարգով չի ներկայացվել Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն.
2) վարույթով պատասխանողի՝ Հանձնաժողովի որոշմամբ սահմանված տուգանքը վճարելու պարտավորությունը դադարել է.
3) Հանձնաժողովի որոշումը ճանաչվել է անվավեր կամ ուժը կորցրած:
6. Արգելանք դնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել: Որոշման բողոքարկումը չի կասեցնում դրա կատարումը:
(90-րդ հոդվածը փոփ. 03.07.25 ՀՕ-205-Ն, 11.04.24 ՀՕ-183-Ն)
(03.07.25 ՀՕ-205-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)