Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-12-25-ից մինչև 2026-05-18։Բացել գործող տեքստը
ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ԿԱՊԻՏԱԼՈՒՄ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱՌԱՎԱՐՈՒՄԸԳլուխ 5 · ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ, ՂԵԿԱՎԱՐՆԵՐԸ, ՆԵՐՔԻՆ ԱՈՒԴԻՏԸ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒ ԱԿՏՈՒԱՐԸ

Հոդված 26. Խորհուրդը և խորհրդի ձևավորումը

գործել է մինչև 2026-05-18Բացել ARLIS-ում

Հոդված 26. Խորհուրդը և խորհրդի ձևավորումը

1. Խորհուրդն իրականացնում է Ընկերության գործունեության ընդհանուր ղեկավարումը՝ սույն օրենքով խորհրդի իրավասությանը վերապահված հարցերի սահմաններում:

2. Ընկերության խորհուրդը պետք է կազմված լինի առնվազն 5 և առավելագույնը 13 անդամից:

3. Խորհրդի անդամներն ընտրվում են տարեկան ընդհանուր ժողովում Ընկերության ներկա մասնակիցների կողմից, իսկ Ընկերության խորհրդի անդամի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման դեպքում՝ արտահերթ ընդհանուր ժողովում Ընկերության ներկա մասնակիցների կողմից՝ օրենքով և Ընկերության կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Ընդհանուր ժողովին Ընկերության խորհրդի անդամների թեկնածուների վերաբերյալ առաջարկություններ կարող են ներկայացնել Ընկերության մասնակիցները, ինչպես նաև խորհուրդը (բացառությամբ առաջին անգամ խորհրդի ձևավորման դեպքի):

5. Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսին, իրավունք ունեն առանց ընտրության ընդգրկվելու խորհրդի կազմում կամ դրանում նշանակելու իրենց ներկայացուցչին:

6. Ընկերության այն մասնակիցները, որոնք ընդհանուր ժողովին մասնակցելու իրավունք ունեցող մասնակիցների ցուցակը կազմելու օրվա դրությամբ տիրապետում են Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի մինչև 10 տոկոսին, կարող են միավորվել և Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 և ավելի տոկոսը համալրելու դեպքում, առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության, ընդգրկել իրենց ներկայացուցչին խորհրդի կազմում:

Սույն մասի առաջին պարբերությամբ նշված ձևով ներկայացուցչի ընդգրկումը խորհրդում հնարավոր է միայն Ընկերության մասնակիցների խմբի ստեղծման մասին համապատասխան պայմանագրի առկայության և այդ պայմանագրի վերաբերյալ ընդհանուր ժողովին տեղեկացնելու դեպքում:

Սույն մասի երկրորդ պարբերությամբ նշված պայմանագիրը պետք է պարունակի հետևյալ պայմաններն ու տեղեկությունները`

1) Ընկերության միավորվող մասնակիցների վերաբերյալ տվյալներ, ներառյալ՝ նրանց պատկանող Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի քանակը.

2) միավորվող մասնակիցների կողմից առաջարկվող խորհրդի անդամի թեկնածուի վերաբերյալ սույն օրենքի 84-րդ հոդվածով սահմանված տեղեկությունները.

3) նշում այն մասին, որ պայմանագիրը կնքվում է առնվազն մեկ տարի ժամկետով և մինչև այդ ժամկետի ավարտը փոփոխման կամ լուծման ենթակա չէ.

4) միավորվող մասնակիցների հայեցողությամբ՝ այլ պայմաններ:

Պայմանագրի պատճենները տրամադրվում են ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունվելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:

7. Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցներն իրավունք ունեն իրենց շահերը ներկայացնող ներկայացուցչին ընդգրկելու Ընկերության խորհրդի կազմում:

Սույն մասի կիրառման առումով Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակից է համարվում տվյալ Ընկերության տեղաբաշխված քվեարկող բաժնետոմսերի 10 տոկոսից պակասին տիրապետող այն մասնակիցը, որը չի կնքել սույն հոդվածի 6-րդ մասում նշված պայմանագիրը:

Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների միասնական ներկայացուցիչը պետք է առաջադրվի նրանց կողմից և ընդգրկվի խորհրդի կազմում՝ առանց ընդհանուր ժողովի կողմից ընտրության:

Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը մասնակցում են միայն ընդհանուր ժողովի նիստին ներկա փոքր մասնակցություն ունեցող մասնակիցները կամ նրանց ներկայացուցիչները, թեկուզ դրանց թիվը կազմի մեկ: Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրությանը չեն մասնակցում սույն հոդվածի 6-րդ մասում նշված պայմանագիրը կնքած Ընկերության մասնակիցները:

Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների ներկայացուցչի ընտրության, առաջադրման և Ընկերության խորհրդում ընդգրկման կարգը սահմանվում է կանոնադրությամբ: Ընդ որում, Ընկերության կանոնադրական կապիտալում փոքր մասնակցություն ունեցող մասնակիցների առաջադրած ներկայացուցչի մասին օրենքով պահանջվող տեղեկատվությունը խորհուրդը ներկայացնում է ընդհանուր ժողովի բոլոր մասնակիցներին՝ ընդհանուր ժողովի կայացման, իսկ հեռակա կարգով քվեարկության դեպքում՝ լրացրած քվեաթերթիկներն Ընկերության կողմից ընդունելու համար սահմանված ժամկետի վերջին օրվանից առնվազն 30 օր առաջ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։