Հոդված 140. Լուծարային հաշվեկշռի հաստատումը և լուծարային հանձնաժողովի գործունեության դադարեցումը
Հոդված 140. Լուծարային հաշվեկշռի հաստատումը և լուծարային հանձնաժողովի գործունեության դադարեցումը
1. Պարտատերերի հետ հաշվարկներն ավարտելուց հետո լուծարային հանձնաժողովը կազմում է լուծարային հաշվեկշիռը և այն լուծարվող Ընկերության ընդհանուր ժողովի կողմից դրա հաստատվելու պահից եռօրյա ժամկետում ներկայացնում է Կենտրոնական բանկ:
2. Կենտրոնական բանկը տասնօրյա ժամկետում ընդունում է լուծարային հաշվեկշիռը հաստատելու կամ հաստատումը մերժելու մասին որոշում՝ նշելով մերժման հիմքերը: Կենտրոնական բանկը մերժում է լուծարային հաշվեկշռի հաստատումը, եթե լուծարային հանձնաժողովը խախտել է սույն օրենքի պահանջները:
3. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը չհաստատելու դեպքում լուծարային հանձնաժողովը տասնօրյա ժամկետում վերացնում է Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշռի հաստատումը մերժելու հիմքերը, և լուծարային հաշվեկշիռը լուծարվող Ընկերության ընդհանուր ժողովի կողմից հաստատվելուց հետո այն հաստատելու մասին նոր դիմում է ներկայացնում Կենտրոնական բանկ: Կենտրոնական բանկն այդ դիմումը քննում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով:
4. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում Կենտրոնական բանկը լուծարվող Ընկերությանը գրանցումից հանելու մասին գրառում է կատարում Ընկերությունների գրանցումների մատյանում, որից հետո Ընկերությունը համարվում է լուծարված, իսկ նրա գործունեությունը` դադարած: Կենտրոնական բանկն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց պետական գրանցում իրականացնող մարմնին:
5. Կենտրոնական բանկի կողմից լուծարային հաշվեկշիռը հաստատելու մասին որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում լուծարային հանձնաժողովը Ընկերության լուծարման վերաբերյալ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով սահմանված ձևով և կարգով հրապարակում է տեղեկատվություն, որից հետո լուծարային հանձնաժողովն ազատվում է Ընկերության լուծարման հետ կապված պարտավորություններից: