Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
Հոդված 164. Ամենամյա արձակուրդ տրամադրելու կարգը
1. Յուրաքանչյուր աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ աշխատանքային տարում՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին աշխատողի կողմից գործատուին ներկայացված դիմումի հիման վրա գործատուի ընդունած անհատական իրավական ակտով, բացառությամբ սույն հոդվածի 10-րդ մասով սահմանված դեպքի: Աշխատանքային տարին սկսվում է աշխատողի աշխատանքային պայմանագրով նախատեսված օրն աշխատանքի անցնելու օրվանից և ավարտվում է հաջորդ օրացուցային տարվա համապատասխան ամսին և ամսաթվին:
2. Աշխատանքի առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո, բացառությամբ համատեղությամբ աշխատողների, որոնց ամենամյա արձակուրդը տրամադրվում է սույն օրենսգրքի 99-րդ հոդվածի 6-րդ մասով սահմանված պահանջներին համապատասխան, ինչպես նաև սույն օրենսգրքով սահմանված այլ դեպքերի: Կողմերի համաձայնությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել նաև մինչև աշխատողի՝ տվյալ գործատուի մոտ անընդհատ աշխատանքի վեց ամիսը լրանալը: Երկրորդ և յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային տարվա համար ամենամյա արձակուրդը տրամադրվում է աշխատանքային տարվա ցանկացած ժամանակ` ամենամյա արձակուրդի տրամադրման հերթականությանը համապատասխան: Հերթականության կարգը սահմանվում է կոլեկտիվ պայմանագրով, իսկ նման պայմանագրի բացակայության դեպքում` կողմերի համաձայնությամբ:
3. Մինչև անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալը աշխատողի խնդրանքով ամենամյա արձակուրդ տրամադրվում է`
1) կանանց հղիության ու ծննդաբերության արձակուրդից առաջ կամ հետո.
2) կոլեկտիվ պայմանագրով նախատեսված այլ դեպքերում:
4. Անընդմեջ աշխատանքի վեց ամիսը լրանալուց հետո ամենամյա արձակուրդի ժամանակի ընտրության իրավունք ունեն`
1) մինչև տասնութ տարեկան աշխատողները.
2) հղի կանայք և մինչև 14 տարեկան երեխա խնամող աշխատողը:
5. Տղամարդկանց ամենամյա արձակուրդն իրենց ցանկությամբ տրամադրվում է կնոջ հղիության ու ծննդաբերության արձակուրդի ժամանակահատվածում:
6. Ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողներին ամենամյա արձակուրդը տրամադրվում է սովորողների և ուսանողների ամառային արձակուրդի ժամանակ, այդ թվում՝ աշխատանքային առաջին տարում, անկախ այն հանգամանքից, թե երբ են այդ աշխատողներն սկսել իրենց աշխատանքը:
7. Առանց աշխատանքից կտրվելու սովորող աշխատողների ամենամյա արձակուրդը իրենց ցանկությամբ տրամադրվում է քննությունների, ստուգարքների, դիպլոմային կամ ավարտական աշխատանքների նախապատրաստման, լաբորատոր աշխատանքների կատարման, ուսումնական պլանով նախատեսված պրակտիկաների ժամկետներին համապատասխան:
8. Հիվանդին կամ հաշմանդամություն ունեցող անձին տանը խնամող աշխատողին, ինչպես նաև քրոնիկ հիվանդությամբ տառապող այն աշխատողին, որի հիվանդության սրացումը կախված է մթնոլորտային պայմաններից, բժշկական եզրակացության հիման վրա ամենամյա արձակուրդը տրամադրվում է իրենց նախընտրած ժամանակ:
9. Աշխատավայրում բռնության կամ սեռական ոտնձգության ենթարկված աշխատողին իր ցանկությամբ տրամադրվում է ամենամյա արձակուրդ՝ անկախ աշխատանքի կատարման ժամանակահատվածից:
10. Եթե աշխատողը երկուսուկես աշխատանքային տարի անընդմեջ խուսափում է կամ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդի կամ դրա մի մասի օգտագործումից՝ չներկայացնելով ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմում, և այդ դիմումը չներկայացնելը պայմանավորված չէ աշխատողի՝ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի համար տրամադրվող արձակուրդում գտնվելու կամ սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 4-րդ կետերով սահմանված որևէ հանգամանքով, ապա տվյալ աշխատողին ամենամյա արձակուրդ տրամադրելու ժամանակահատվածը որոշում է գործատուն՝ հաշվի առնելով սույն հոդվածի 4-րդ, 6-րդ, 8-րդ մասերով սահմանված պահանջները, իսկ ամենամյա արձակուրդը կամ դրա մի մասը տրամադրելու մասին գործատուի անհատական իրավական ակտն ընդունվում է առանց աշխատողի՝ ամենամյա արձակուրդ տրամադրելու մասին դիմումի առկայության:
(164-րդ հոդվածը լրաց. 22.06.15 ՀՕ-96-Ն, խմբ., լրաց., փոփ. 03.05.23 ՀՕ-160-Ն, փոփ. 04.12.24 ՀՕ-525-Ն, 11.09.25 ՀՕ-305-Ն)
(22.06.15 ՀՕ-96-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(04.12.24 ՀՕ-525-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)