Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
Հոդված 172. Հղիության և ծննդաբերության արձակուրդը
1. Աշխատող կանանց տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդ`
1) 140 օր (70 օր` հղիության, 70 օր` ծննդաբերության).
2) 155 օր (70 օր` հղիության, 85 օր` ծննդաբերության)` բարդ ծննդաբերության դեպքում.
3) 180 օր (70 օր` հղիության, 110 օր` ծննդաբերության)` միաժամանակ մեկից ավելի երեխաներ ունենալու դեպքում:
Այդ արձակուրդը հաշվարկվում է միասին և կնոջը տրամադրվում է ամբողջությամբ: Ժամանակից շուտ ծննդաբերելու դեպքում հղիության արձակուրդի չօգտագործված օրերը գումարվում են ծննդաբերության արձակուրդի օրերին:
2. Նորածին որդեգրած կամ նորածնի խնամակալ նշանակված աշխատողին տրամադրվում է արձակուրդ` որդեգրելու կամ խնամակալ նշանակվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին որդեգրելու կամ երկու և ավելի նորածնի խնամակալ նշանակվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
2.1. Փոխնակ մոր միջոցով երեխա ունեցած աշխատողին (երեխայի կենսաբանական մորը) տրամադրվում է արձակուրդ երեխայի ծնվելու օրվանից մինչև նորածնի 70 օրական (երկու և ավելի նորածին երեխա ծնվելու դեպքում` մինչև նորածինների 110 օրական) դառնալը:
3. Սույն հոդվածի 1-ին, 2-րդ և 2.1-ին մասերով նախատեսված դեպքերում արձակուրդի համար վարձու աշխատողի վճարումն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(172-րդ հոդվածը փոփ., լրաց. 24.10.05 ՀՕ-210-Ն, լրաց. 12.12.13 ՀՕ-151-Ն, փոփ. 01.12.14 ՀՕ-209-Ն)