Անցնել բովանդակությանը
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԳլուխ 23 · ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 250. Աշխատանքի ժամանակավորապես դադարեցումը

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 250. Աշխատանքի ժամանակավորապես դադարեցումը

1. Նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով աշխատանքը ժամանակավորապես դադարեցվում է, եթե`

1) աշխատողը չի ծանոթացել աշխատանքի անվտանգ կատարման կանոններին.

2) առաջացել է աշխատանքի միջոցի անսարքություն կամ վթարային վիճակ.

3) աշխատանքը կատարվում է սահմանված տեխնոլոգիական կանոնակարգի խախտումներով.

4) աշխատողները ապահովված չեն կոլեկտիվ և (կամ) անհատական պաշտպանության միջոցներով.

5) աշխատավայրը վտանգավոր կամ վնասակար է կյանքի և առողջության համար:

2. Աշխատավայրում վտանգ առաջանալու կամ աշխատողների աշխատանքային գործառույթների կատարման այլ վայրում վտանգի առաջացման մասին տեղեկություն ստանալու դեպքում գործատուն պարտավոր է`

1) բոլոր աշխատողներին և այն անձանց, որոնց կարող է վտանգ սպառնալ, հնարավորինս արագ տեղեկացնել սպառնացող վտանգի, ինչպես նաև աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման համար ձեռնարկվելիք միջոցառումների և աշխատողների կողմից կատարվելիք գործողությունների մասին.

2) ձեռնարկել միջոցներ աշխատանքների դադարեցման համար և հրահանգել աշխատողներին` լքելու աշխատանքային տարածքը և տեղափոխվելու անվտանգ վայր.

3) կազմակերպել տուժողներին առաջին բուժօգնության տրամադրումը և աշխատողների տեղահանումը.

4) հնարավորինս արագ տեղեկացնել համապատասխան ներքին և արտաքին ծառայություններին ու մարմիններին` վտանգի և տուժած աշխատողների մասին.

5) մինչև մասնագիտացված ծառայությունների ժամանումը վտանգի վերացման համար ներգրավել գործատուի անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայության, ինչպես նաև համապատասխան ուսուցում անցած աշխատողներին:

3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում, եթե գործատուն միջոցներ չի ձեռնարկում աշխատողներին հնարավոր վտանգից պաշտպանելու համար, ապա աշխատանքի դադարեցման պահանջով իրավունք ունեն հանդես գալու գործատուի անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայությունը, ինչպես նաև աշխատողների ներկայացուցիչները: Եթե գործատուն հրաժարվում է կատարել անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայության կամ աշխատողների ներկայացուցիչների պահանջը, ապա վերջիններս այդ մասին տեղեկացնում են տեսչական մարմնին: Տեսչական մարմնի ղեկավարը աշխատողների անվտանգության ապահովման և առողջության վիճակի գնահատումից հետո կարող է որոշում ընդունել` պարտավորեցնելով գործատուին դադարեցնել աշխատանքը: Եթե գործատուն հրաժարվում է կատարել տեսչական մարմնի ղեկավարի պահանջները, ապա վերջինս իրավունք ունի դիմելու ոստիկանություն` աշխատանքի դադարեցման պահանջի կատարման և վտանգավոր աշխատատեղերից աշխատողների տեղահանման համար:

4. Աշխատանքի միջոցների անսարքության կամ վթարային վիճակի առաջացման մասին աշխատողները պարտավոր են անմիջապես տեղեկացնել գործատուին:

5. Բացառությամբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձ գործատուների, յուրաքանչյուր գործատու պարտավոր է ունենալ աշխատողների տեղահանման պլան, որը պետք է կազմվի հաշմանդամություն ունեցող անձանց կարիքները հաշվի առնելով:

6. Այն գործատուները, որոնք արտադրում կամ օգտագործում կամ պահպանում են վտանգավոր նյութեր, պարտավոր են օրենսդրությամբ սահմանված կարգով ունենալ հնարավոր վթարի մասին նախազգուշացնելու և հետևանքները վերացնելու համար գործողությունների պլաններ:

7. Աշխատողների տեղահանման պլանները պետք է փակցվեն աշխատողների համար տեսանելի տեղերում: Գործատուի անվտանգության ապահովման և առողջության պահպանության ծառայությունն ու արհեստակցական միությունը պարտավոր են տեղեկացված լինել տեղահանման և վթարների նախազգուշացման ու վերացման պլաններին:

8. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատանքը ժամանակավորապես դադարեցվելիս պահպանվում է աշխատողի միջին աշխատավարձը, որի հաշվարկման համար հիմք է ընդունվում միջին ժամային աշխատավարձի չափը:

9. Եթե բնական պայմանները խոչընդոտում են աշխատանքների անվտանգ իրականացմանը, ապա աշխատանքները պետք է դադարեցվեն: Վտանգի առաջացման դեպքում աշխատանքի վայրում դժբախտ դեպքերը կանխելու համար գործատուն իրավունք ունի սույն օրենսգրքով սահմանված կարգով աշխատողներին փոխադրելու աշխատանքային պայմանագրով չնախատեսված այլ աշխատանքի:

(250-րդ հոդվածը լրաց., փոփ. 26.05.08 ՀՕ-75-Ն, փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 17.12.14 ՀՕ-256-Ն, 21.03.18 ՀՕ-172-Ն, 04.12.19 ՀՕ-265-Ն, լրաց. 14.07.22 ՀՕ-296-Ն, փոփ., լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն)

(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։