Հոդված 39. Սոցիալական գործընկերության հասկացությունը և սկզբունքները
Հոդված 39. Սոցիալական գործընկերության հասկացությունը և սկզբունքները
1. Սոցիալական գործընկերությունը աշխատողների (նրանց ներկայացուցիչների), գործատուների (նրանց ներկայացուցիչների), իսկ սույն օրենսգրքով սահմանված դեպքերում Հայաստանի Հանրապետության կառավարության միջև փոխհարաբերությունների համակարգ է, որը կոչված է ապահովելու աշխատողների և գործատուների շահերի համաձայնեցումը կոլեկտիվ աշխատանքային և դրա հետ կապված սոցիալական կամ տնտեսական հարաբերություններում:
2. Սոցիալական գործընկերության հիմնական սկզբունքներն են`
1) կողմերի իրավահավասարությունը.
2) կոլեկտիվ բանակցությունների ազատությունը.
3) կողմերի շահերը հաշվի առնելը և հարգալից վերաբերմունք դրսևորելը.
4) կողմերի և նրանց ներկայացուցիչների կողմից աշխատանքային օրենսդրության և այլ նորմատիվ իրավական ակտերի պահանջները պահպանելը.
5) կողմերի ներկայացուցիչների լիազորվածությունը.
6) քննարկման առաջարկվող` աշխատանքի վերաբերյալ հարցերի ընտրության ազատությունը.
7) պարտավորություններ ստանձնելու կամավորությունը.
8) ընդունվող պարտավորությունների իրատեսական լինելը.
9) կոլեկտիվ պայմանագրի կատարման պարտադիր լինելը.
10) կոլեկտիվ պայմանագրի կատարման նկատմամբ հսկողությունն ու վերահսկողությունը.
11) կողմերի կամ նրանց ներկայացուցիչների մեղքով կոլեկտիվ պայմանագրի չկատարման համար պատասխանատվությունը:
(39-րդ հոդվածը լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն)
(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)