Հոդված 201.2. Աշխատողների մասնագիտական կատարելագործումը և զարգացումը
Հոդված 201.2. Աշխատողների մասնագիտական կատարելագործումը և զարգացումը
(վերնագիրը խմբ. 22.05.24 ՀՕ-252-Ն)
1. Գործատուն աշխատողի համաձայնությամբ և գնահատված կարիքի հիման վրա կարող է իր մոտ կամ այլ վայրում (այդ թվում՝ օտարերկրյա պետությունում) կազմակերպել աշխատողի կարողությունների կատարելագործմանը, արդիականացմանը և նոր հմտությունների ձեռքբերմանը միտված լրացուցիչ կրթական ծրագրեր։
2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում գործատուի և աշխատողի միջև կնքվում է գրավոր պայմանագիր:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում աշխատողի մասնակցության ժամանակահատվածում պահպանվում են նրա աշխատատեղը (պաշտոնը) և հիմնական աշխատավարձը (գործավարձով վարձատրվող աշխատողների դեպքում՝ միջին աշխատավարձը, բացառությամբ պարգևատրման գումարների), բացառությամբ սույն օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դեպքի:
4. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված դեպքերում լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցությունն աշխատողի համար սույն օրենսգրքի 209-րդ հոդվածի իմաստով՝ գործուղում չի համարվում:
5. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված պայմանագրով նախատեսված ժամանակահատվածում գործատուի մոտ աշխատելու պարտականությունն իր մեղքով չկատարելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված լրացուցիչ կրթական ծրագրերին մասնակցած անձը պարտավոր է գործատուին հատուցել ոչ ավելի, քան իր ուսուցումը կազմակերպելու հետ կապված փաստացի ծախսերը՝ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված պայմանագրով սահմանված կարգով ու պայմաններով:
(201.2-րդ հոդվածը լրաց. 03.05.23 ՀՕ-160-Ն, խմբ. 22.05.24 ՀՕ-252-Ն)
(03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)