Հոդված 19. Աջակցության կենտրոնը
Հոդված 19. Աջակցության կենտրոնը
1. Աջակցության կենտրոնը`
1) աջակցության կենտրոն դիմած անձանց նրանց համար հասկանալի լեզվով, իսկ հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում նրանց համար մատչելի եղանակով տեղեկացնում է նրանց իրավունքների, հասանելի ծառայությունների և օրենքով նախատեսված պաշտպանության միջոցների և դրանցից օգտվելու կարգի մասին.
2) կազմակերպում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին անհրաժեշտ և անհատույց հոգեբանական և իրավաբանական օգնության և այլ անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրումը.
3) սույն օրենքով նախատեսված դեպքերում և կարգով որոշում է կայացնում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց ապաստարանում տեղավորելու մասին՝ նրանց համաձայնությամբ.
4) ուսումնասիրում է ընտանեկան և կենցաղային բռնության պատճառներն ու պայմանները, վարում ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերի վերաբերյալ վիճակագրություն և արդյունքները ներկայացնում Լիազոր մարմին.
5) (կետն ուժը կորցրել է 12.04.24 ՀՕ-169-Ն)
6) նախազգուշացման և անհետաձգելի միջամտության որոշումների պատճեններն ստանալուց հետո ողջամիտ ժամկետում ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին առաջարկում է սույն օրենքով նախատեսված աջակցությունների տրամադրում.
7) (կետն ուժը կորցրել է 12.04.24 ՀՕ-169-Ն)
8) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին աջակցում է աշխատանքի տեղավորման և պետությունից կամ համապատասխան կազմակերպություններից սոցիալական աջակցություն ստանալու հարցերում.
9) աջակցության կենտրոն դիմած անձի համաձայնությամբ նրա անվտանգությունն ապահովելու նպատակով դիմում է ոստիկանության համապատասխան ստորաբաժանում` նախազգուշացման կամ անհետաձգելի միջամտության որոշում կայացնելու հիմքերի առկայությունն ստուգելու համար, ինչպես նաև սույն օրենքով նախատեսված դեպքում դիմում է դատարան` պաշտպանական որոշում կայացնելու դիմումով.
10) ներկայացնում է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելմանը վերաբերող քաղաքականության ու ընտանեկան և կենցաղային բռնությունից տուժած անձանց մատուցվող ծառայությունների բարելավմանն ուղղված առաջարկներ:
(19-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 12.04.24 ՀՕ-169-Ն)