Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները
Հոդված 4. Օրենքի հիմնական հասկացությունները
1. Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.
1) ընտանիքի անդամներ` անկախ համատեղ բնակության հանգամանքից` ամուսինը (նաև փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող անձը), ծնողը (նաև խորթ ծնողը, որդեգրողը, խնամատար ծնողը, խնամակալը կամ հոգաբարձուն), երեխան (նաև որդեգրված, խորթ, հոգեզավակ), որդեգրողի ամուսինը, ամուսնու ծնողները, տատը, պապը, թոռը, քույրը, եղբայրը (նաև համամայրը կամ համահայրը), ամուսնու քույրը, ամուսնու եղբայրը, ինչպես նաև ամուսնու ծնողների, քրոջ և եղբոր համար` փեսան և հարսը.
2) աջակցության կենտրոն՝ ընտանեկան և կենցաղային բռնության կամ ենթադրաբար ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց, իսկ անհրաժեշտության դեպքում այդ անձանց ընտանիքների անդամներին սոցիալական աջակցություն տրամադրող կազմակերպություն՝ հավաստագրված պետական կառավարման համակարգի լիազոր մարմնի կողմից (այսուհետ՝ Լիազոր մարմին).
3) ապաստարան (ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հոգածության կենտրոն)` ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածներին և նրանց խնամքի տակ գտնվող անձանց (այսուհետ՝ շահառուներ)՝ սույն օրենքով սահմանված դեպքերում տրամադրվող անվտանգ ժամանակավոր կացարան՝ հավաստագրված Լիազոր մարմնի կողմից, որտեղ շահառուները ստանում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված սոցիալական ծառայություններ.
4) ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձ` ֆիզիկական անձ, որի նկատմամբ սույն օրենքով սահմանված կարգով կայացվել է նախազգուշացման, անհետաձգելի միջամտության կամ պաշտպանական որոշում.
5) ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձ` ֆիզիկական անձ (նաև ընտանիքի ներսում բռնությանը ականատես երեխան), որը, ըստ նախազգուշացման, անհետաձգելի միջամտության, պաշտպանական որոշման կամ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռի, տուժել է ընտանեկան և կենցաղային բռնությունից.
6) խնամքի տակ գտնվող անձ` երեխա, տարեց կամ հաշմանդամություն ունեցող անձ, առողջական կամ այլ հանգամանքներով անօգնական վիճակում գտնվող անձ, որը բնակվում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի հետ, և որի համար մշտապես հոգ է տանում վերջինս.
7) ոստիկանության իրավասու ծառայող՝ ոստիկանության` ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում լիազորություն ունեցող ծառայող.
8) ռեաբիլիտացիոն ծրագիր՝ համալիր միջոցառումների ծրագիր, որն ուղղված է բռնություն գործադրած անձին հոգեբանական և սոցիալական աջակցության տրամադրման, առողջության վերականգնման, վնասակար սովորույթներից (ալկոհոլամոլություն, թմրամոլություն, թունամոլություն, խաղամոլություն) ձերբազատման միջոցով նրա կողմից կրկին բռնություն գործադրելու կանխմանը.
8.1)
9) էլեկտրոնային հսկողություն՝ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ էլեկտրոնային այլ միջոցներով հսկողություն անձի գտնվելու վայրի, տեղաշարժի և վարքագծի նկատմամբ.
10) զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից:
(4-րդ հոդվածը փոփ. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.04.24 ՀՕ-169-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-109-Ն, 16.04.26 ՀՕ-171-Ն)
(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 03.07.26 ՀՕ-298-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից)