Անցնել բովանդակությանը
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2021-10-23-ից մինչև 2023-07-01։Բացել գործող տեքստը
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 7. Անհետաձգելի միջամտության որոշումը

գործել է մինչև 2023-07-01Բացել ARLIS-ում

Հոդված 7. Անհետաձգելի միջամտության որոշումը

1. Եթե ընտանիքի մեկ անդամը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ:

2. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը չի կարող գերազանցել քսան օրը: Եթե անհետաձգելի որոշման գործողության ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման դիմում, ապա այն ուժի մեջ է մնում մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը:

3. Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.

1) հարկադրել ընտանիքում բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.

2) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանիքում բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.

3) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանիքում բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց), որն ընտանիքում բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.

4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանիքում բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության ծառայողին.

5) արգելել ընտանիքում բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանիքում բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ եղող անձանց հետ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ՝ նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ: Սահմանափակման միջոցներն ընտրելիս որոշում կայացնողն առաջնորդվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներով՝ ապահովելով սահմանափակման համաչափությունը:

5. Եթե անմիջականորեն սպառնացող վտանգի տակ գտնվողն անչափահաս կամ անգործունակ անձ է, ապա որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն այդ որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն անհապաղ ուղարկում է խնամակալության և հոգաբարձության մարմին, որը, գնահատելով իրավիճակը, ձեռնարկում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված գործողություններ:

6. Եթե անհետաձգելի միջամտության որոշումը կիրառվում է անչափահաս կամ անգործունակ անձի հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի նկատմամբ, ապա երեխաների և անգործունակ անձանց ժամանակավոր խնամքը կազմակերպում է խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ որոշման պատճենն ստանալուց հետո՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 24 ժամում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առաջնորդվելով նրանց շահերով:

7. Անհետաձգելի միջամտության որոշում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշումն ուժի մեջ է մտնում ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելու պահից: Դրա պատճենն ընտանիքում բռնություն գործադրած անձին հանձնվում է ստորագրությամբ՝ առձեռն, դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենն ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչև ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից իր իրերը հավաքելը և ընտանիքում բռնության ենթարկվածի բնակության վայրը լքելը: Ընտանիքում բռնություն գործադրած անձը կարող է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր անձնական իրերն այդ վայրից վերցնել միայն մեկ անգամ՝ ոստիկանության ծառայողի ուղեկցությամբ:

9. Անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն անհապաղ ներկայացնում է իր ստորաբաժանման ղեկավարին:

10. Ընտանիքում բռնության ենթարկված անձը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք ուղղված են ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից անհետաձգելի միջամտության որոշմամբ իր վրա դրված պարտականությունների չկատարմանը: Ընտանիքում բռնության ենթարկված անձի կողմից դիտավորությամբ պարբերաբար նման գործողություններ կատարելու դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կարող է վերացնել այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողը: Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է ընտանիքում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի արդյունքում հաշտություն կնքելու, ինչպես նաև մինչև դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքերում:

11. Անհետաձգելի միջամտության որոշումն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը:

11.1.

12. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենն այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է ընտանիքում բռնության ենթարկված անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն:

13. Սույն հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով նախատեսված սահմանափակումը չի գործում սույն օրենքով նախատեսված հաշտեցման գործընթացի շրջանակում ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց միջև աջակցության կենտրոնի թույլտվությամբ կենտրոնի տարածքում կամ կենտրոնի համապատասխան մասնագետի ներկայությամբ կազմակերպվող հանդիպման ժամանակ:

14. Անհետաձգելի միջամտության որոշման պահանջներն ընտանիքում բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

15. Անհետաձգելի միջամտության որոշման մեջ նշվում են դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները: Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանիքում բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Որոշման դեմ բողոք բերելը չի կասեցնում որոշման կատարումը: Վարչական բողոքը քննվում և դրա հիման վրա որոշում է կայացվում այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

(հոդվածը 22.03.23 ՀՕ-109-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի 2-րդ հոդվածով նախատեսված՝ Կառավարության որոշումն ուժի մեջ մտնելու օրը)

(22.03.23 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։