Անցնել բովանդակությանը
Այս հոդվածն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
Գլուխ 2 · ԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԿԵՆՑԱՂԱՅԻՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԸ

Հոդված 7. Անհետաձգելի միջամտության որոշումը

գործող խմբագրությունուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 7. Անհետաձգելի միջամտության որոշումը

1. Եթե ընտանիքի մեկ անդամը, զուգընկերը, ընտանիքի նախկին անդամը կամ նախկին զուգընկերը մյուսի նկատմամբ բռնություն է կիրառել, և առկա է հիմնավոր ենթադրություն բռնության կրկնման կամ շարունակման անմիջականորեն սպառնացող վտանգի մասին, ապա ընտանիքի մյուս անդամի, զուգընկերոջ, ընտանիքի նախկին անդամի կամ նախկին զուգընկերոջ կյանքի և առողջության ապահովման նպատակով ոստիկանության իրավասու ծառայողն անհապաղ կայացնում է անհետաձգելի միջամտության որոշում: Անհետաձգելի միջամտության որոշում կարող է կայացվել նաև այն դեպքում, երբ նախազգուշացում ստանալուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, անձը կատարել է այնպիսի բռնի արարք, որը չի պարունակում հանցակազմի հատկանիշներ: Անհետաձգելի միջամտության որոշման ձևը սահմանում է ներքին գործերի նախարարը։

2. Անհետաձգելի միջամտության որոշման գործողության ժամկետը սահմանվում է 20-25 օր: Եթե անհետաձգելի որոշման գործողության ընթացքում դատարանը քննում է պաշտպանական որոշման դիմում, ապա այն ուժի մեջ է մնում մինչև դատարանի կողմից որոշում կայացվելը:

3. Անհետաձգելի միջամտության որոշմամբ կարող են կիրառվել հետևյալ սահմանափակումները.

1) հարկադրել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին անհապաղ հեռանալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից և արգելել այդտեղ նրա վերադարձը մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալը.

2) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին այցելել իր հետ համատեղ բնակելի տարածքում չբնակվող՝ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց` նրանց աշխատանքի, ուսման, հանգստի, բնակվելու կամ այլ վայրեր.

3) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին այնպիսի հեռավորությունից ավելի մոտենալ ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածին (անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց), որն ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մեջ ողջամտորեն հիմնավոր վախ կհարուցի իր անձնական անվտանգությանը սպառնացող վտանգի մասին: Այս սահմանափակումը կիրառելիս որոշմամբ սահմանվում է հեռավորության կոնկրետ չափը.

4) մինչև որոշմամբ սահմանված ժամկետի լրանալն ի պահ վերցնել բռնություն գործադրած անձի տիրապետման տակ գտնվող զենքը: Այս սահմանափակումը կիրառելիս որոշման մասին իրազեկելու պահին ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի տիրապետման տակ զենք լինելու դեպքում նա այն անհապաղ հանձնում է որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողին.

5) արգելել ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին հեռախոսային, նամակագրական կամ կապի այլ միջոցներով հաղորդակցվել ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև նրա խնամքի տակ գտնվող անձանց հետ:

4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված սահմանափակումները կարող են կիրառվել առանձին կամ համակցության մեջ՝ նշելով դրանց կատարման համար միևնույն կամ տարբեր ժամկետներ: Սահմանափակման միջոցներն ընտրելիս որոշում կայացնողն առաջնորդվում է սույն օրենքով սահմանված սկզբունքներով՝ ապահովելով սահմանափակման համաչափությունը:

5. Եթե անմիջականորեն սպառնացող վտանգի տակ գտնվողն անչափահաս կամ անգործունակ անձ է, ապա որոշումը կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն այդ որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն անհապաղ ուղարկում է խնամակալության և հոգաբարձության մարմին, որը, գնահատելով իրավիճակը, ձեռնարկում է օրենքով և իր կանոնադրությամբ նախատեսված գործողություններ:

6. Եթե անհետաձգելի միջամտության որոշումը կիրառվում է անչափահաս կամ անգործունակ անձի հետ համատեղ բնակվող միակ օրինական ներկայացուցչի նկատմամբ, ապա երեխաների և անգործունակ անձանց ժամանակավոր խնամքը կազմակերպում է խնամակալության և հոգաբարձության մարմինը՝ որոշման պատճենն ստանալուց հետո՝ հնարավորին չափ սեղմ ժամկետում, բայց ոչ ավելի, քան 24 ժամում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով՝ առաջնորդվելով նրանց շահերով:

7. Անհետաձգելի միջամտության որոշում կիրառելու մասին ոստիկանության իրավասու ծառայողի կայացրած պատճառաբանված որոշումն ուժի մեջ է մտնում որոշման կայացման պահից: Դրա պատճենն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձին հանձնվում է ստորագրությամբ` առձեռն: Դեպքի վայրում նրա բացակայության դեպքում որոշման բովանդակությունը նրան պարզաբանվում է հեռախոսակապի միջոցով, իսկ դրա անհնարինության դեպքում որոշման պատճենը 24 ժամվա ընթացքում ուղարկվում է նրա հաշվառման վայր պաշտոնական էլեկտրոնային փոստի կամ պատվիրված փոստի միջոցով:

8. Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված սահմանափակումը կիրառելիս ոստիկանության իրավասու ծառայողը չի հեռանում մինչև ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից առաջին անհրաժեշտության իրերը հավաքելը ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկվածի բնակության տարածքից հեռանալը: Ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձը կարող է որոշումն ուժի մեջ մտնելուց հետո իր անձնական իրերն այդ վայրից վերցնել միայն մեկ անգամ՝ ոստիկանության իրավասու ծառայողի ուղեկցությամբ:

8․1․ Այն դեպքերում, երբ առկա է բռնության կրկնման կամ շարունակման վտանգի վերաբերյալ հիմնավոր ենթադրություն, ու ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը կամ նրա խնամքի տակ գտնվող անձը ոստիկանության իրավասու ծառայողին հայտնում է ապաստարանում տեղավորվելու իր ցանկության մասին, ոստիկանության իրավասու ծառայողը միջոցներ է ձեռնարկում նրան ապաստարան տեղափոխելու ուղղությամբ, չի հեռանում մինչև նրա կողմից բնակության վայրից անձնական իրերը հավաքելը և կազմում է անվտանգային արձանագրություն, որում նշվում են բռնության կրկնման կամ շարունակման առկա ռիսկերը և դրանց նվազեցմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցները։ Անվտանգային արձանագրության ձևը սահմանում է ներքին գործերի նախարարը։

9. Անհետաձգելի միջամտության որոշում կայացնող ոստիկանության իրավասու ծառայողը որոշման պատճենը և համապատասխան արձանագրությունն անհապաղ ներկայացնում է իր ստորաբաժանման ղեկավարին:

10. Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձը պարտավոր է ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններ կատարելուց, որոնք ուղղված են ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից անհետաձգելի միջամտության որոշմամբ իր վրա դրված պարտականությունների չկատարմանը: Ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի կողմից դիտավորությամբ պարբերաբար նման գործողություններ կատարելու դեպքում անհետաձգելի միջամտության որոշումը կարող է վերացնել այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողը: Անհետաձգելի միջամտության որոշումը նույն անձի կողմից վերացվում է մինչև դրա ժամկետի լրանալը դատարանի կողմից պաշտպանական որոշում կայացվելու դեպքում:

11. Անհետաձգելի միջամտության որոշումն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից կատարվելու նկատմամբ հսկողություն է իրականացնում ոստիկանությունը: Սույն հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված սահմանափակումների կիրառմամբ կայացված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումն ապահովելիս ոստիկանության ծառայողները կարող են օգտագործել էլեկտրոնային հսկողության միջոցներ: Էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառման և ֆինանսավորման, ինչպես նաև էլեկտրոնային հսկողության համակարգի տվյալների շտեմարանը վարելու, տվյալներից օգտվելու կարգը սահմանում է Կառավարությունը:

11.1. Էլեկտրոնային հսկողություն կիրառելիս պետք է նվազագույնի հասցվի անձանց անձնական և ընտանեկան կյանքի վրա դրանց հնարավոր բացասական ազդեցությունը: Էլեկտրոնային հսկողության արդյունքում ստացված տվյալները ոչնչացվում են որոշման կատարման ավարտից հետո՝ երեք աշխատանքային օրվա ընթացքում, բացառությամբ սույն մասով նախատեսված դեպքի: Եթե էլեկտրոնային հսկողության միջոցներով հայտնաբերվում կամ ամրագրվում է իրավախախտում, ապա տվյալները պահվում են մինչև իրավախախտման դեպքի քննության կամ ծառայողական քննության ավարտը: Էլեկտրոնային հսկողության համակարգը պետք է ունենա օրենսդրությամբ սահմանված բավարար պաշտպանվածության մակարդակ:

11.2. Բռնություն գործադրած անձը պարտավոր է կրել անհետաձգելի միջամտության որոշման կատարումն ապահովելու նպատակով օգտագործվող էլեկտրոնային հսկողության միջոցը: Բռնություն գործադրած անձի կողմից էլեկտրոնային հսկողության միջոց կրելուց խուսափելը կամ հրաժարվելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

12. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենն այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է ընտանեկան և կենցաղային բռնության ենթարկված անձի մշտական բնակության վայրի աջակցության կենտրոն:

12.1. Անհետաձգելի միջամտության որոշման պատճենը այն կայացրած ոստիկանության իրավասու ծառայողն ուղարկում է Լիազոր մարմին, որը երեք աշխատանքային օրվա ընթացքում այն փոխանցում է իր հետ դրամաշնորհային պայմանագիր կնքած՝ ռեաբիլիտացիոն ծրագիր իրականացնող հասարակական կազմակերպությանը: Կազմակերպությունն այն ստանալուց հետո՝ հինգ աշխատանքային օրվա ընթացքում, ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին առաջարկում է ռեաբիլիտացիոն ծրագրով նախատեսված ծառայությունները՝ բռնության կրկնակի դրսևորումները կանխարգելելու նպատակով։

12.2.

13. (մասն ուժը կորցրել է 12.04.24 ՀՕ-169-Ն)

14. Անհետաձգելի միջամտության որոշման պահանջներն ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձի կողմից չկատարելն առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:

15. Անհետաձգելի միջամտության որոշման մեջ նշվում են դրա բողոքարկման ժամկետը և մարմինը, ներառյալ՝ դատարանը, որին որոշումը կարող է բողոքարկվել, ինչպես նաև այն խախտելու համար օրենքով նախատեսված պատասխանատվության միջոցները: Անհետաձգելի միջամտության որոշումը կարող է բողոքարկվել վերադասության կարգով՝ ընտանեկան և կենցաղային բռնություն գործադրած անձին դրա մասին իրազեկելուց հետո՝ հնգօրյա ժամկետում, ինչպես նաև դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքով սահմանված ժամկետներում: Որոշման դեմ բողոք բերելը չի կասեցնում որոշման կատարումը: Վարչական բողոքը քննվում և դրա հիման վրա որոշում է կայացվում այն ստանալուց հետո՝ հնգօրյա ժամկետում:

(7-րդ հոդվածը լրաց. 26.06.23 ՀՕ-198-Ն, փոփ., խմբ., լրաց. 12.04.24 ՀՕ-169-Ն, լրաց. 22.03.23 ՀՕ-109-Ն, 13.11.25 ՀՕ-384-Ն, լրաց., փոփ. 16.04.26 ՀՕ-171-Ն, լրաց. 03.07.26 ՀՕ-298-Ն)

(26.06.23 ՀՕ-198-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(03.07.26 ՀՕ-298-Ն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 12.1-ին կետը գործում է մինչև 2027 թվականի հուլիսի 1-ը` համաձայն նույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի)

(հոդվածը 03.07.26 ՀՕ-298-Ն օրենքի 3-րդ հոդվածով լրացվող 12.2-րդ կետի մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հուլիսի 1-ից)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։