Հոդված 323. Դիմումի քննությունը
Հոդված 323. Դիմումի քննությունը
1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու:
2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:
3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:
4. Դատարանը կարող է արբիտրաժից պահանջել այն գործով նյութերը, որի կապակցությամբ կատարողական թերթ է հայցվում:
5. Գործի դատաքննության ժամանակ դատարանը պարզում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:
6. Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դատարանը կասեցնում է վճիռը հարկադիր կատարելու համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի քննությունը:
7. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: