Հոդված 338. Դիմումին ներկայացվող պահանջները
Հոդված 338. Դիմումին ներկայացվող պահանջները
1. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումում պետք է նշվեն՝
1) դատարանի անվանումը, որտեղ ներկայացվում է դիմումը.
2) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված կողմերի անունները (անվանումները), բնակության (գտնվելու) վայրի հասցեները.
3) վիճարկվող որոշման կայացման տարին, ամիսը, ամսաթիվը, վայրը և համարը.
4) վիճարկվող որոշումը կողմերի համար պարտադիր դառնալու ամսաթիվը.
5) որոշումը վիճարկելու հիմքերն ու հիմնավորումները.
6) վիճարկվող որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ պահանջը:
2. Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումին կցվում են՝
1) ֆինանսական համակարգի հաշտարարի վիճարկվող որոշման օրինակը.
2) օրենքով սահմանված կարգով և չափով պետական տուրքի վճարման փաստը հավաստող փաստաթուղթը.
3) դիմումը և դրան կից փաստաթղթերը մյուս կողմին և ֆինանսական համակարգի հաշտարարին ուղարկելը հավաստող փաստաթուղթը:
3. Դատարանը սույն օրենսգրքի 127-րդ հոդվածով սահմանված կարգով վերադարձնում է ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը, եթե այն ներկայացվել է սույն օրենսգրքի 337-րդ հոդվածի, ինչպես նաև սույն հոդվածի պահանջների խախտմամբ: