Հոդված 438. Անձանց ներկայանալը
Հոդված 438. Անձանց ներկայանալը
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհամարվող և օտարերկրյա պետություններում գտնվող` Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրով սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության դատարան կանչված և դատարան ներկայացած քաղաքացիական գործով վկան և փորձագետը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում օգտվում են վկայի և փորձագետի համար` սույն օրենսգրքով սահմանված իրավունքներից: Այդ անձինք Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ընթացքում իրավախախտումներ թույլ տալու դեպքում ենթակա են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվության այն ծավալով և չափով, որքանով թույլատրվում է համապատասխան միջազգային պայմանագրով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կանոնները տարածվում են նաև օտարերկրյա քաղաքացիներ համարվող և Հայաստանի Հանրապետության դատարան ներկայացած ու տվյալ քաղաքացիական գործով հայցվորի ու պատասխանողի կամ նրանց ներկայացուցիչների կարգավիճակ ունեցող անձանց վրա: