Հոդված 166. Նախնական դատական նիստ նշանակելը
Հոդված 166. Նախնական դատական նիստ նշանակելը
1. Առաջին ատյանի դատարանը պատասխանողից հայցադիմումի պատասխան ստանալու, իսկ այն չներկայացվելու դեպքում պատասխան ուղարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու, ինչպես նաև վերադաս դատարանից գործն ստանալու օրվան հաջորդող եռօրյա ժամկետում որոշում է կայացնում նախնական դատական նիստ նշանակելու վերաբերյալ, որն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
2. Նախնական դատական նիստը պետք է հրավիրվի այն նշանակելու մասին որոշման կայացմանը հաջորդող երեսնօրյա ժամկետում:
⚖Հոդված 167. Նախնական դատական նիստում լուծման ենթակա հարցերի շրջանակը
1. Առաջին ատյանի դատարանը նախնական դատական նիստի ընթացքում`
1) պարզում է հայցի առարկան, հայցի փաստական և իրավական հիմքերը,
2) պարզում է պատասխանողի առարկությունների փաստական և իրավական հիմքերը,
3) պարզում է դատավարության մասնակիցների կազմը, լուծում է գործի քննությանն այլ անձանց ներգրավելու հարցը,
4) պարզում է վիճելի իրավահարաբերության բնույթը, այդ թվում՝ կիրառելի իրավական նորմերը՝ չսահմանափակվելով գործին մասնակցող անձանց մատնանշած իրավական նորմերով,
5) լուծում է ընդդատության կանոնների խախտմամբ վարույթ ընդունված գործն այլ դատարանի քննությանը հանձնելու հարցը,
6) պարզում է՝ հայցվորը պնդում է արդյոք իր պահանջները, պատասխանողն արդյոք ամբողջությամբ կամ մասնակի ընդունում է հայցվորի պահանջները, և գործին մասնակցող անձինք չեն ցանկանում արդյոք կնքել հաշտության համաձայնություն կամ վեճը լուծել հաշտարարության միջոցով՝ պարզաբանելով հաշտարարության էությունը,
7) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի, այդ թվում՝ ապացուցման կարիք չունեցող փաստերի և ապացուցման ենթակա փաստերի շրջանակը,
8) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է ապացուցման պարտականությունը նրանց միջև բաշխելու հարցը,
9) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ և դրանք ձեռք բերելուն ուղղված միջնորդություններ ներկայացնելու ժամկետը,
10) գործին մասնակցող անձանց հետ քննարկում և լուծում է ներկայացված ապացույցների վերաբերելիության և թույլատրելիության հարցը,
11) գործին մասնակցող անձանց միջնորդությամբ, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում իր նախաձեռնությամբ լուծում է հայցի ապահովման, հակընդդեմ ապահովման, ապացույց պահանջելու, ապացույց ապահովելու, փորձաքննություն նշանակելու, դատական նիստին վկա, փորձագետ կանչելու, թարգմանիչ ներգրավելու, գործին մասնակցող անձին հարցաքննելու, դատական հանձնարարություն տալու, ապացույցներն իրենց գտնվելու վայրում հետազոտելու վերաբերյալ հարցերը,
12) որոշում է ապացույցների հետազոտման հաջորդականությունը,
13) քննում է գործի արդյունավետ քննությանն ուղղված՝ գործին մասնակցող անձանց այլ միջնորդությունները, ինչպես նաև իրականացնում է սույն օրենսգրքով նախատեսված՝ գործի արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված դատավարական գործողությունները կատարելիս դատարանը ներկայացված ապացույցները հետազոտում է այնքանով, որքանով դրանք անհրաժեշտ են գործի դատաքննության արդյունավետ նախապատրաստություն իրականացնելու համար:
3. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո դատարանը կարող է նշանակել ոչ պակաս, քան երկու, և ոչ ավելի, քան չորս ժամ հաշտարարություն, եթե մեծ է վեճը հաշտությամբ ավարտելու հավանականությունը:
(167-րդ հոդվածը փոփ. 16.11.22 ՀՕ-436-Ն)
(16.11.22 ՀՕ-436-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 168. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդությունը և դրա քննությունը նախնական դատական նիստում
1. Գործին մասնակցող անձը կարող է վկայակոչել հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը մինչև գործով ապացուցման պարտականությունը բաշխելու մասին որոշում կայացնելը, բացառությամբ այն դեպքերի, երբ նա հիմնավորում է տվյալ փաստը մինչ այդ վկայակոչելու անհնարինությունն իրենից անկախ պատճառներով: Այդ դեպքում հայցային վաղեմության ժամկետի լրանալու փաստը կարող է վկայակոչվել ոչ ուշ, քան մինչև առաջին ատյանի դատարանում դատաքննության ավարտը:
2. Հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդություն ներկայացված լինելու դեպքում դատարանը սույն օրենսգրքի 167-րդ հոդվածի 1-ին մասի 1-6-րդ կետերում նշված դատավարական գործողությունները կատարելուց հետո հայցային վաղեմություն կիրառելու դիմումի և դրա դեմ բերված առարկությունների հիման վրա արձանագրային որոշմամբ՝
1) որոշում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը.
2) գործին մասնակցող անձանց միջև բաշխում է միջնորդության լուծման համար նշանակություն ունեցող փաստերի ապացուցման պարտականությունը.
3) գործին մասնակցող անձանց հետ քննարկում է նրանց կողմից ապացույցներ ներկայացնելու համար ժամկետ տրամադրելու հարցը և անհրաժեշտության դեպքում սահմանում է ապացույցներ ներկայացնելու ժամկետը.
4) իրականացնում է հայցային վաղեմություն կիրառելու մասին միջնորդության արդյունավետ քննությանն ուղղված այլ գործողություններ:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելուց հետո դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է հայցային վաղեմություն կիրառելու միջնորդությունը տվյալ կամ հաջորդ դատական նիստում քննելու հարցը:
4. Հայցային վաղեմություն կիրառելու միջնորդության և դրա դեմ բերված առարկությունները քննարկելուց հետո դատարանը գործի քննությունը հայտարարում է ավարտված և հրապարակում է դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը:
5. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի բացակայության դեպքում դատարանը որոշում է կայացնում հայցային վաղեմությունը կիրառելու միջնորդությունը մերժելու և գործի քննությունը վերսկսելու մասին՝ նշանակելով նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց:
6. Հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանը վճիռ է կայացնում հայցը մերժելու մասին՝ առանց անդրադառնալու գործի այլ փաստերի հաստատմանը և գնահատմանը:
7. Ներկայացված առանձին հայցապահանջների նկատմամբ հայցային վաղեմություն կիրառելու հիմքերի առկայության դեպքում դատարանն այդ մասով առանձնացնում է գործի վարույթը և առանձնացված մասով կայացնում է հայցը մերժելու մասին վճիռ: Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը հրապարակվում է վճռի հետ միասին: Գործից մաս առանձնացնելու մասին որոշմամբ նշանակվում են նախնական դատական նիստի ժամանակը և վայրը: Գործից մաս առանձնացնելու մասին որոշումը եռօրյա ժամկետում ուղարկվում է գործին մասնակցող անձանց: