Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2023-01-07։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԱՔՆՆԻՉ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 53 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԲՈՂՈՔԱՐԿՈՒՄԸ ՎԵՐԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ

Հոդված 366. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքները

գործել է մինչև 2023-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 366. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքները

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով վերաքննիչ բողոք բերելու հիմքերը սահմանված են սույն օրենսգրքի 418-րդ և 419-րդ հոդվածներով:

&#9878Հոդված 367. Վերաքննիչ բողոք ներկայացնելու կարգը

1. Վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերն ուղարկվում կամ հանձնվում են վերաքննիչ դատարան։ Բողոք ներկայացնողը վերաքննիչ բողոքը և դրան կից փաստաթղթերի պատճեններն ուղարկում է գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան։

2. Վերաքննիչ բողոք ներկայացրած անձը բողոքը և դրան կից փաստաթղթերը չի ուղարկում գործին մասնակցող անձանց, եթե բողոքը ներկայացվել է`

1) հայցադիմումը վերադարձնելու մասին որոշման դեմ.

2) հայցադիմումը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշման դեմ.

3) դատական տուգանք կիրառելու մասին որոշման դեմ.

4) հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու, հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը մասնակի բավարարելու մասին դատարանի որոշման դեմ, եթե հայցի ապահովման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությունը ներկայացվել է հայցադիմումին կից կամ մինչև հայցադիմումի ներկայացումը՝ հայցի նախնական ապահովման միջոցներ կիրառելու միջնորդության դեպքում։

3. Դատական ակտ կայացրած դատարանը վերաքննիչ բողոքի պատճենը ստանալուց հետո անհապաղ, բայց ոչ ուշ, քան հինգերորդ օրը պարտավոր է գործը ուղարկել վերաքննիչ դատարան։

(367-րդ հոդվածը լրաց. 16.04.20 ՀՕ-252-Ն)

&#9878Հոդված 368. Վերաքննիչ բողոքի ձևը և բովանդակությունը

1. Վերաքննիչ բողոքը կազմվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքը պետք է լինի ընթեռնելի:

2. Վերաքննիչ բողոքում նշվում են`

1) վերաքննիչ դատարանի անվանումը,

2) բողոքը բերող անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները) և հասցեները,

3) այն դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվում է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը,

4) վերաքննիչ բողոքի հիմքերը՝ նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այն խախտումները, որոնք կարող են ազդել գործի ելքի վրա,

5) վերաքննիչ բողոքի հիմնավորումները՝ վերաքննիչ բողոքում նշված նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի խախտումների, ինչպես նաև գործի ելքի վրա դրանց ազդեցության վերաբերյալ հիմնավորումները,

6) բողոք բերող անձի պահանջը,

7) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը:

3. Եթե բողոք բերած անձը դատարանում զրկված է եղել բողոքի հիմնավորումների մեջ նշված որևէ հարցի վերաբերյալ իր դիրքորոշումն առաջին ատյանի դատարանում հայտնելու հնարավորությունից, ապա վերաքննիչ բողոքում պետք է նշի նաև իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ։

4. Վերաքննիչ բողոքն ստորագրում է բողոք բերող անձը կամ նրա ներկայացուցիչը։

5. Բողոքին կցվում են պետական տուրքը վճարելու, բողոքը գործին մասնակցող անձանց, իսկ բողոքի պատճենը` դատական ակտը կայացրած դատարան ուղարկելու մասին ապացույցները։ Այն դեպքերում, երբ օրենքով նախատեսված է պետական տուրքի վճարման գծով արտոնություն, ապա վերաքննիչ բողոքին կցվում է կամ բողոքում ներառվում է դրա վերաբերյալ միջնորդությունը, եթե բողոք բերողն ազատված չէ պետական տուրք վճարելու պարտականությունից։ Բողոքին կարող են կցվել բողոք բերող անձի այլ միջնորդությունները: Ներկայացուցչի ստորագրած բողոքին կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե գործում բացակայում է լիազորագիրը:

6. Վերաքննիչ բողոքի հիմքերը և հիմնավորումները ներկայացվում են բացառապես վերաքննիչ բողոքում: Վերաքննիչ բողոք ներկայացվելուց հետո դրա հիմքերը և հիմնավորումները չեն կարող լրացվել կամ փոփոխվել, բացառությամբ վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո կրկին ներկայացնելու դեպքերի:

&#9878Հոդված 369. Վերաքննիչ բողոքի պատասխանը

1. Գործին մասնակցող անձն իրավունք ունի ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան`

1) վճռի դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող 15-րդ օրը.

2) որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված բողոքով` վերաքննիչ բողոքի պատճենն ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուն հաջորդող հինգերորդ օրը:

2. Վերաքննիչ բողոքի պատասխանն ուղարկվում է կամ առձեռն հանձնվում է վերաքննիչ դատարան և գործին մասնակցող անձանց:

3. Վերաքննիչ բողոքի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ սույն օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ: Վերաքննիչ բողոքի պատասխանը պետք է լինի ընթեռնելի։

4. Վերաքննիչ բողոքի պատասխանում նշվում են`

1) վերաքննիչ դատարանի անվանումը.

2) պատասխանը ներկայացրած անձի և գործին մասնակցող անձանց անունները (անվանումները).

3) դատարանի անվանումը, որի կայացրած դատական ակտի դեմ բերվել է վերաքննիչ բողոքը, գործի համարը և դատական ակտի կայացման տարին, ամիսը, ամսաթիվը.

4) վերաքննիչ բողոքի հիմքերի և հիմնավորումների վերաբերյալ դիրքորոշումը և դրա հիմնավորումները։

5. Ներկայացված պատասխանին կցվում են պատասխանի պատճենները գործին մասնակցող անձանց ուղարկելու կամ առձեռն հանձնելու ապացույցները։

6. Վերաքննիչ բողոքի պատասխանն ստորագրում է պատասխանը ներկայացրած անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած պատասխանին կցվում է գործը վարելու նրա լիազորությունները հավաստող լիազորագիրը, եթե այն առկա չէ դատական գործում:

7. Վերաքննիչ բողոքի պատասխան չներկայացնելը չի կարող գնահատվել որպես վերաքննիչ բողոքում նշված փաստարկների հետ համաձայնություն:

&#9878Հոդված 370. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը

1. Վճռի դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում բողոք բերելու վերջնաժամկետը լրանալուց հետո` ոչ ուշ, քան գործն ստանալու պահից 15 օրվա ընթացքում, իսկ սույն օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված անձանց կողմից բողոք ներկայացվելու դեպքում գործն ստանալու պահից ոչ ուշ, քան 15 օրվա ընթացքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում։

2. Որոշման կամ վճարման կարգադրության դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ դատարանը կայացնում է վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում գործն ստանալուց հետո՝ ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում։

3. Բողոքը վարույթ ընդունելու որոշումը կայացնելու պահից եռօրյա ժամկետում վերաքննիչ դատարանն այդ որոշումն ուղարկում է գործին մասնակցող անձանց, բացի սույն օրենսգրքի 367-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված որոշումների դեմ բերված բողոքները վարույթ ընդունելու որոշումներից, որոնց դեմ բողոք ներկայացվելու դեպքում վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է միայն բողոք բերող անձին։

4. Վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը գործին մասնակցող անձանց ուղարկվելիս նրանք տեղեկացվում են բողոքին պատասխան ներկայացնելու իրավունքի մասին:

5. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու դեպքում վերաքննիչ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

&#9878Հոդված 371. Վերաքննիչ բողոքը վերադարձնելը

1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքերի բացակայության դեպքում վերաքննիչ բողոքը վերադարձվում է, եթե`

1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 368-րդ հոդվածի պահանջները.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո և միջնորդություն չի պարունակում բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին.

3) մինչև վերաքննիչ դատարանի կողմից բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելը բողոք բերած անձից դիմում է ստացվել այն հետ վերցնելու մասին.

4) բողոք բերող անձի կողմից ներկայացվել է պետական տուրքի վճարումը հետաձգելու կամ դրա չափը նվազեցնելու միջնորդություն, որը մերժվել է.

5) վերաքննիչ բողոք է բերվել մեկից ավելի դատական ակտերի դեմ:

2. Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին գործն ստանալու օրվանից հետո`

1) յոթնօրյա ժամկետում` վճռի դեմ ներկայացված բողոքով.

2) եռօրյա ժամկետում` վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով։

3. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված խախտումները։

4. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշում ընդունելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում են վերաքննիչ դատարանի որոշումը, վերաքննիչ բողոքը և դրան կից ներկայացված փաստաթղթերը՝ գործին կցելով դրանց պատճենները։ Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումն ուղարկվում է նաև գործին մասնակցող այլ անձանց:

5. Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերով նախատեսված հիմքերով վերաքննիչ բողոքը վերադարձնելուց հետո բողոքում թույլ տրված խախտումները վերացնելու ու որոշումն ստանալուց հետո` վճռի դեմ ներկայացված բողոքով 15-օրյա ժամկետում, իսկ վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով եռօրյա ժամկետում սահմանված կարգով կրկին վերաքննիչ բողոք ներկայացնելու դեպքում այն համարվում է վերաքննիչ դատարան ներկայացված սկզբնական ներկայացման օրը։ Կրկին ներկայացված վերաքննիչ բողոքում առկա խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրվում։

6. Վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան` սույն օրենսգրքով սահմանված կարգով։

7. Որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե բացակայում են վերաքննիչ բողոքը վերադարձնելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու հիմքեր:

&#9878Հոդված 372. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելը

1. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժվում է, եթե`

1) սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում բողոք ներկայացրած անձը ներկայացրել է նոր վերաքննիչ բողոք, որում չի վերացրել վերաքննիչ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված բոլոր խախտումները, կամ բողոքը ներկայացրել է սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետի խախտմամբ, կամ սույն օրենսգրքի 371-րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված ժամկետում ներկայացրել է պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու մասին միջնորդություն, որը մերժվել է.

2) վերաքննիչ բողոքը բերվել է սահմանված ժամկետը լրանալուց հետո, և բաց թողած ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը մերժվել է.

3) բողոքում նշված հիմքով նույն գործով վերաքննիչ դատարանն արդեն իսկ որոշում է կայացրել.

4) բողոքը ներկայացրել է այն անձը, որը դատական ակտը բողոքարկելու իրավունք չունի.

5) բողոքարկվել է այն դատական ակտը, որը ենթակա չէ բողոքարկման վերաքննության կարգով.

6) վերաքննիչ բողոքը բերվել է գույքային պահանջով քաղաքացիական գործով, եթե տվյալ գործով վեճի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, բացառությամբ այն դեպքերի, երբ բողոք բերող անձն իր վերաքննիչ բողոքում հիմնավորում է, որ առաջին ատյանի դատարանը թույլ է տվել արդար դատաքննության իրավունքի բուն էությունը խաթարող դատական սխալ.

7) բողոքարկվող դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է 20 տարի:

2. Վերաքննիչ դատարանը կայացնում է որոշում վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին գործը ստանալու օրվանից հետո`

1) յոթնօրյա ժամկետում` վճռի դեմ ներկայացված բողոքով.

2) եռօրյա ժամկետում` վճարման կարգադրության կամ որոշման դեմ ներկայացված բողոքով։

3. Վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումն ուղարկվում է գործին մասնակցող անձանց:

4. Վերաքննիչ դատարանի` բողոքի ընդունումը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարան։

5. Որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում վերաքննիչ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե բացակայում են վերաքննիչ բողոքի ընդունումը մերժելու այլ հիմքեր կամ վերաքննիչ բողոքը վերադարձնելու հիմքեր:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։