Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-12-26-ից մինչև 2023-01-07։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 15 · ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԸ

Հոդված 155. Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2023-01-07Բացել ARLIS-ում

Հոդված 155. Դատական տուգանք կիրառելու առանձնահատկությունները

1. Դատական տուգանքը կիրառվում է առավելագույնը 100 000 Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Դատական տուգանք կիրառելու մասին դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, և դրա հիման վրա կազմված կատարողական թերթը ուղարկվում է հարկադիր կատարման, եթե ուժի մեջ մտնելու օրվանից մեկ ամսվա ընթացքում կամովին չի կատարվում: Որոշումը կատարվում է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

3. Դատական տուգանք կիրառելու մասին առաջին ատյանի դատարանի կամ վերաքննիչ դատարանի որոշումը կարող է բողոքարկվել համապատասխանաբար վերաքննիչ կամ Վճռաբեկ դատարան՝ այն ստանալու պահից յոթնօրյա ժամկետում: Բողոքարկումը կասեցնում է դատարանի որոշման կատարումը:

&#9878Հոդված 156. Գործի քննության հետաձգումը

1. Դատարանն իրավունք ունի հետաձգելու գործի քննությունը, եթե`

1) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը կամ նրա ներկայացուցիչը դատարանի կողմից հարգելի ճանաչված պատճառով չի ներկայացել դատական նիստին.

2) չի կարող իրականացվել տվյալ նիստում` դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու պատճառով.

3) դա թելադրված է ապացույցներ ներկայացնելու անհրաժեշտությամբ.

4) դա թելադրված է գործին մասնակցող անձի ներկայացրած լրացուցիչ ապացույցներին գործին մասնակցող այլ անձանց ծանոթանալու անհրաժեշտությամբ.

5) գործին մասնակցող անձանցից որևէ մեկը միջնորդում է տրամադրել ողջամիտ ժամկետ` վեճը հաշտությամբ լուծելու համար, և գործին մասնակցող մյուս անձինք չեն առարկում, կամ դատարանը նշանակել է հաշտարարություն.

6) հայցվորը ներկայացրել է հայցի առարկան և հիմքը կամ դրանցից որևէ մեկը փոփոխելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ.

7) ներկայացվել է հակընդդեմ հայց կամ վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջ.

8) ավարտվել է աշխատանքային օրը, բացառությամբ այն դեպքերի, երբ դատական նիստը շարունակելը թելադրված է գործի քննության՝ օրենքով սահմանված հատուկ ժամկետը պահպանելու անհրաժեշտությամբ.

9) դատական նիստը չի կարող շարունակվել դատավարության մասնակցի կամ նիստերի դահլիճում ներկա անձի կողմից թույլ տրվող դատական նիստի կարգի խախտման պատճառով.

10) առաջին ատյանի դատարանը որոշել է գործի քննությանը ներգրավել նոր գործին մասնակցող անձի.

11) առկա են դատավորի առողջական վիճակի հետ կապված կամ այլ հարգելի հանգամանքներ, որոնք անհնար են դարձնում դատարանի կողմից գործի քննությունը.

12) դատական նիստերի դահլիճում տեղադրված համակարգչային ձայնագրման համակարգի անսարքության պատճառով հնարավոր չէ ապահովել դրա շահագործումը և դատական նիստին ներկա գործին մասնակցող անձինք առարկում են պարզ թղթային եղանակով դատական նիստն արձանագրելուն.

13) դատական նիստերի դահլիճում տեղադրված տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի անսարքության կամ այլ տեխնիկական պատճառներով հնարավոր չէ ապահովել դատավարության մասնակցի մասնակցությունը դատական նիստին.

14) օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում:

2. Գործի քննությունը հետաձգելու մասին դատարանը կայացնում է պատճառաբանված որոշում, որում նշվում են հաջորդ դատական նիստի ժամանակը և վայրը:

3. Գործի քննությունը հետաձգելուց հետո այն շարունակվում է ընդհատման պահից:

&#9878Հոդված 157. Գործի վարույթը կասեցնելու հիմքերը

1. Դատարանը պարտավոր է կասեցնել գործի վարույթը, եթե`

1) անհնարին է տվյալ գործի քննությունը մինչև սահմանադրական, քաղաքացիական, քրեական կամ վարչական դատավարության կարգով քննվող այլ հարցով կամ գործով եզրափակիչ ակտ կայացնելը.

2) առկա է անհաղթահարելի ուժ, որը խոչընդոտում է գործի հետագա քննությանը.

3) պատասխանողը ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում է, կամ ռազմական դրության մեջ գտնվող զինված ուժերի կազմում գտնվող հայցվորը դիմել է համապատասխան միջնորդությամբ.

4) գործին մասնակցող անձը մահացել է, և վիճելի իրավահարաբերությունը թույլ է տալիս իրավահաջորդություն.

5) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անհայտ բացակայող, և չի նշանակվել նրա գույքի հավատարմագրային կառավարիչ.

6) գործին մասնակցող քաղաքացին ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ և չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.

7) մահացել են գործին մասնակցող անչափահաս քաղաքացու օրինական ներկայացուցիչները, և նա չունի օրենքով սահմանված կարգով նշանակված խնամակալ կամ հոգաբարձու.

8) դատարանը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 169-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքում որոշել է դիմել Սահմանադրական դատարան:

2. Դատարանն իրավունք ունի կասեցնելու գործի վարույթը, եթե`

1) նշանակվել է փորձաքննություն.

2) գործին մասնակցող իրավաբանական անձը վերակազմակերպվում է.

3) օրենքով սահմանված կարգով բողոքարկվել է գործով կայացված միջանկյալ դատական ակտը:

3. Դատարանը կարող է գործի վարույթը կասեցնել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։