Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 19 · ՀԱՇՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 186. Հաշտարարության ավարտը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 186. Հաշտարարության ավարտը

1. Յուրաքանչյուր կողմ, ինչպես նաև հաշտարարը հաշտարարությունն սկսելուց հետո ցանկացած պահի կարող են դադարեցնել հաշտարարության գործընթացը:

2. Հաշտարարության գործընթացն ավարտվում է կողմերից առնվազն մեկի կամ հաշտարարի կողմից գործընթացը դադարեցնելով կամ հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու միջոցով: Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով արտոնագրված հաշտարարի հաստատած հաշտության համաձայնությունը կարող է պարունակել կարգավորումներ և պայմաններ հայցի առարկայի և հիմքի շրջանակից դուրս:

3. Հաշտության համաձայնություն կնքելու դեպքում մեկական օրինակ տրվում է կողմերին, հաշտարարին, դատարանին:

4. Դատարանի նշանակած հաշտարարության արդյունքով հաշտության համաձայնություն կնքելու դեպքում արտոնագրված հաշտարարը պարտավոր է հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցել դատարանին՝ կցելով հաշտության համաձայնության բնօրինակը:

5. Եթե հաշտության համաձայնությունում առկա է գաղտնիության վերաբերյալ պայման, որով հաշտարարության կողմերը համաձայնել են առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ, ապա արտոնագրված հաշտարարը կողմերի համաձայնությամբ հաշտության համաձայնությունն ստորագրելու պահից երկու աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է դատարանին վեճը հաշտարարությամբ լուծելու և գաղտնիության պայմանի մասին։ Առանց հաշտության համաձայնությունը հաստատելու գործը կարճելու վերաբերյալ միջնորդությունը կողմերը ներկայացնում են համատեղ, իսկ նման միջնորդության բացակայության դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից։

6. Ստանալով հաշտարարի ծանուցումը վեճը հաշտարարությամբ լուծելու մասին՝ սեղմ, բայց ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում դատարանը, սույն օրենսգրքի 151-րդ հոդվածի պահանջներին համապատասխան, հաստատում կամ մերժում է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը կամ կարճում է գործի վարույթը` ապահովելով հաշտարարության գաղտնիությունը:

7. Հաշտարարության արդյունքով կողմերի չհաշտվելու դեպքում դատարանը շարունակում է գործի քննությունն ընդհատման պահից:

(186-րդ հոդվածը լրաց. 22.10.25 ՀՕ-361-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։