Հոդված 197. Վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելը
Հոդված 197. Վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելը
1. Դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:
2. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու հարցը դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու: Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունն առաջին ատյանի դատարանը պետք է քննի և լուծի այն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:
3. Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:
4. Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ դրանց վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:
5. Դատական ակտը բեկանելու դեպքում իրենց ուժը կորցնում են դրանում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումները, եթե այլ բան սահմանված չէ վերադաս դատական ատյանի որոշմամբ:
⚖Հոդված 198. Վճռի օրինական ուժի մեջ մտնելը
1. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։
2. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից չբեկանվելու դեպքում այն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
3. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից մասնակի բեկանվելու դեպքում վճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:
4. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու պահից, իսկ եթե վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը բողոքարկվում է Վճռաբեկ դատարան, ապա` Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձվելու, առանց քննության թողնվելու, վարույթ ընդունելը մերժվելու կամ վճռաբեկ բողոքը մերժվելու պահից:
5. Գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
6. Ալիմենտ բռնագանձելու, կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցման, ինչպես նաև որդեգրման վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
7. Եթե հայցագինը կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:
8. Վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:
9. Վճիռը բացառիկ դեպքերում կարող է հրապարակման պահից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ գործին մասնակցող անձի համար:
(198-րդ հոդվածը խմբ. 22.10.25 ՀՕ-366-Ն)
⚖Հոդված 199. Առաջին ատյանի դատարանի որոշումները
1. Առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք`
1) ենթակա են բողոքարկման.
2) կայացվում են դատական նիստից դուրս.
3) սույն օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեն առանձին ակտի ձևով:
2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին ակտի ձևով կամ ամրագրվել դատական նիստի արձանագրության մեջ:
3. Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:
3.1.
4. Առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 200. Դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշման բովանդակությունը
1. Առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`
1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան,
2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը),
3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում,
4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,
5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը,
5.1)
6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐԿՐՈՐԴ
ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ