Հոդված 64. Ապացույցներ պահանջելը
Հոդված 64. Ապացույցներ պահանջելը
1. Գործին մասնակցող անձը կարող է գործին մասնակցող այլ անձից ապացույց պահանջելու միջնորդությամբ դիմել գործը քննող առաջին ատյանի դատարան:
2. Գործին մասնակցող անձը, որին օրենքով սահմանված ժամկետում չի տրամադրվել համապատասխան ապացույցը, կամ այդ ապացույցի տրամադրումն առանց դատարանի որոշման արգելված է օրենքով, կարող է գործին մասնակից չհանդիսացող անձից այդ ապացույցը պահանջելու միջնորդությամբ դիմել առաջին ատյանի դատարան:
3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված միջնորդության մեջ պետք է նշվեն համապատասխան ապացույցը, գործի համար նշանակություն ունեցող այն փաստերը, որոնք կարող են հաստատվել այդ ապացույցով, ինչպես նաև ապացույցի գտնվելու վայրը, եթե այն հայտնի է, իսկ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքում՝ նաև այդ ապացույցն ինքնուրույն ձեռք բերելու անհնարինության փաստը հաստատող հիմնավորումը:
4. Ապացույցներ պահանջելու վերաբերյալ միջնորդությունը բավարարելու դեպքում առաջին ատյանի դատարանը կայացնում է ապացույցը պահանջելու մասին որոշում, որում նշվում են`
1) քաղաքացիական գործի համարը և գործին մասնակցող անձանց համապատասխանաբար անունը, ազգանունը, իսկ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեպքում՝ նաև հայրանունը (այսուհետ՝ անուն) կամ անվանումը,
2) այն ապացույցները, որոնք պետք է ներկայացվեն դատարան,
3) ապացույցները ներկայացնելու ժամկետը, իսկ անհրաժեշտության դեպքում` նաև ներկայացման կարգը,
4) դատարանի որոշումը չկատարելու համար սույն հոդվածով նախատեսված հետևանքների մասին պարզաբանում:
4.1. Դատարանը կարող է ապացույց պահանջելու մասին միջնորդությունը բավարարել առանց ապացույց պահանջելու մասին առանձին ակտի ձևով որոշման կայացման, եթե դատարանը պահանջվող տեղեկատվությունը կարող է ստանալ սույն օրենսգրքի 64.1-ին հոդվածով սահմանված կարգով:
5. Առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայցելով կատարման նոր ժամկետ՝ նշելով առաջին ատյանի դատարանի սահմանած ժամկետում որոշման կատարման անհնարինության պատճառները: Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է սահմանել որոշման կատարման նոր ժամկետ:
6. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու անհնարինության դեպքում պահանջի հասցեատերը գրավոր դիմում է առաջին ատյանի դատարան` հայտնելով որոշման կատարման անհնարինության մասին` նշելով անհնարինության պատճառները։ Առաջին ատյանի դատարանը, հաշվի առնելով գործին մասնակցող անձանց կարծիքը, կարող է հարգելի ճանաչել ապացույցը չներկայացնելու պատճառները:
7. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարելու համար նոր ժամկետ չսահմանելու կամ ապացույցը չներկայացնելու պատճառները հարգելի չճանաչելու դեպքում առաջին ատյանի դատարանը ապացույց պահանջելու մասին որոշման հիման վրա կազմված կատարողական թերթն անհապաղ ուղարկում է հարկադիր կատարման, իսկ այդ անձի նկատմամբ նշանակում է տուգանք:
8. Ապացույց պահանջելու մասին որոշումը կատարվում է անհապաղ` «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:
(64-րդ հոդվածը փոփ. 09.07.19 ՀՕ-129-Ն, լրաց. 23.12.22 ՀՕ-576-Ն)
(23.12.22 ՀՕ-576-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)
(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)
(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)