Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸԳլուխ 58 · ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ ՆՈՐ ԵՐԵՎԱՆ ԵԿԱԾ ԿԱՄ ՆՈՐ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐՈՎ ՎԵՐԱՆԱՅԵԼՈՒ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 418. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 418. Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

1. Նոր երևան եկած հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) բողոք բերած անձն ապացուցում է, որ այդ հանգամանքները գոյություն են ունեցել գործի լուծման պահին, հայտնի չեն եղել և չէին կարող հայտնի լինել բողոք բերած գործին մասնակցող անձին ու դատարանին, և այդ հանգամանքները գործի լուծման համար ունեն էական նշանակություն.

2) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատված` վկայի սուտ ցուցմունքները, փորձագետի ակնհայտ կեղծ եզրակացությունը, թարգմանչի ակնհայտ սխալ թարգմանությունը, գրավոր կամ իրեղեն ապացույցների կեղծված լինելը հանգեցրել են ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն.

3) դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով հաստատվել է, որ բողոք բերած անձ չհանդիսացող գործին մասնակցող անձինք կամ նրանց ներկայացուցիչները կատարել են գործի քննության հետ կապված հանցավոր արարք, որը հանգեցրել է ապօրինի կամ չհիմնավորված դատական ակտ կայացնելուն, կամ գործի քննության հետ կապված հանցավոր արարքը կատարել է դատավորը:

&#9878Հոդված 419. Նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման հիմքերը

1. Նոր հանգամանքները հիմք են դատական ակտի վերանայման համար, եթե`

1) Սահմանադրական դատարանը տվյալ կամ «Սահմանադրական դատարանի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածով նախատեսված դեպքերում այլ քաղաքացիական գործով դատարանի կիրառած օրենքի կամ այլ նորմատիվ իրավական ակտի դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը հակասող և անվավեր կամ այն ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը համապատասխանող, սակայն որոշման եզրափակիչ մասում, բացահայտելով դրա սահմանադրաիրավական բովանդակությունը, գտել է, որ այդ դրույթը կիրառվել է այլ մեկնաբանությամբ.

2) Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է անձի` Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը, կամ եթե անձը տվյալ վճռի կամ որոշման ուժի մեջ մտնելու պահին ունեցել է այդ իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետներին) համապատասխան իրացնելու հնարավորություն կամ միջազգային դատարանը հաստատել է կողմերի միջև ձեռք բերված հաշտության համաձայնությունը (բարեկամական կարգավորումը) կամ Հայաստանի Հանրապետության կողմից արված միակողմանի հայտարարությունը.

3) Բարձրագույն դատական խորհուրդն ընդունել է որոշում, որով տվյալ դատական ակտը կայացրած դատավորը ենթարկվել է կարգապահական պատասխանատվության՝ արդարադատություն իրականացնելիս նյութական կամ դատավարական նորմի ակնհայտ և կոպիտ խախտման համար.

4) դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով անվավեր է ճանաչվել ժառանգության վկայագիրը կամ այն գործարքը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտը կայացնելու համար.

5) բեկանվել է այն դատական ակտը, դատավճիռը, կամ ընդունման պահից անվավեր է ճանաչվել այն վարչական ակտը, որը հիմք է ծառայել տվյալ դատական ակտի կայացման համար.

6) վարչական դատարանն ուժի մեջ մտնելու պահից անվավեր է ճանաչել այն նորմատիվ իրավական ակտը, որի հիման վրա կայացվել է տվյալ դատական ակտը:

(419-րդ հոդվածը լրաց. 09.06.22 ՀՕ-182-Ն, 07.02.24 ՀՕ-82-Ն)

(Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող դատարանում գործին չմասնակցած անձի կողմից, որը նույն դատարանի վճռի կամ որոշման կայացման պահին չի ունեցել այդ դատարան դիմելու իրավունքը միջազգային պայմանագրով նախատեսված պահանջներին (ժամկետնե­րին) համապատասխան իրացնելու հնարավորություն, Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազ­գային պայմանագրի հիման վրա գործող դատարանի կողմից խախտված ճանաչվելու դեպքում նոր հանգամանքով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու` Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված սահմանափակումը ճանաչվել է Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասին և 63-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 11.02.25 ՍԴՈ-1769 որոշմամբ)

(419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը համապատասխանում է Սահմանադրությանն այն մեկնաբանությամբ, որի համաձայն՝ դատական ակտը նոր հանգամանքով ենթակա է վերանայման, եթե Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ հիմնավորվել է Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրով նախատեսված իրավունքի խախտման փաստը` Սահմանադրության 60-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման դիմաց նախնական և համարժեք փոխհատուցման որևէ սկզբունքի խախտված ճանաչվելու դեպքում՝ հաշվի առնելով նաև այդ համատեքստում ներպետական դատական ատյանների կողմից Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրի հիման վրա գործող միջազգային դատարանի` ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ուժի մեջ մտած վճռով կամ որոշմամբ արտահայտված վերաբերելի իրավական դիրքորոշումներից շեղվելու հանգամանքը՝ անկախ տվյալ գործին անձի մասնակից լինելու հանգամանքից` համաձայն 06.11.25 ՍԴՈ-1801 որոշման)

&#9878Հոդված 420. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք ներկայացնելու ժամկետը

1. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոք կարող է բերվել երեք ամսվա ընթացքում, որի հաշվարկը սկսվում է՝

1) սույն օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ այն պահից, երբ բողոք բերող անձն իմացել է կամ կարող էր իմանալ դրանց ի հայտ գալու մասին.

2) սույն օրենսգրքի 418-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

3) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված դեպքում՝ Սահմանադրական դատարանի համապատասխան որոշումը Հայաստանի Հանրապետության պաշտոնական տեղեկագրում հրապարակվելու օրվանից.

4) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված դեպքում՝ Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ գործող միջազգային դատարանի` ուժի մեջ մտած վճիռը կամ որոշումն այդ դատարանի կանոնակարգերով սահմանած կարգով այդ դատարան դիմած անձին հանձնելու օրվանից.

5) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով նախատեսված դեպքում՝ Բարձրագույն դատական խորհրդի որոշումն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից.

6) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված դեպքում՝ այն դատական կամ վարչական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից, որով վերացվել է համապատասխան դատական ակտը, դատավճիռը կամ վարչական ակտը.

7) սույն օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 6-րդ կետերով նախատեսված դեպքերում՝ դատարանի համապատասխան դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

2. Դատական ակտի վերանայման բողոք չի կարող ներկայացվել, եթե դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո անցել է քսան տարի: Նշված ժամկետը ենթակա չէ վերականգնման:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։