Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-11-29-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 46 · ԱՐԲԻՏՐԱԺԻ ՎՃՌԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԹԵՐԹ ՏԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԴԻՄՈՒՄՆԵՐՈՎ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

Հոդված 323. Դիմումի քննությունը

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 323. Դիմումի քննությունը

1. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից տասնհինգ օրվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու:

2. Դատարանը սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ժամկետում կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննվում և դրա վերաբերյալ որոշում է կայացվում դիմումը վարույթ ընդունելու օրվանից երկու ամսվա ընթացքում:

3. Գործի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումը վարույթ ընդունելու մասին որոշման մեջ:

4. Դատարանը կարող է արբիտրաժից պահանջել այն գործով նյութերը, որի կապակցությամբ կատարողական թերթ է հայցվում:

5. Գործի դատաքննության ժամանակ դատարանը պարզում է «Առևտրային արբիտրաժի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված՝ արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու հիմքերի առկայությունը կամ բացակայությունը:

6. Եթե արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս պարզվում է, որ դատարանի վարույթում առկա է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում, ապա դիմումները միացվում են և քննվում են արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննող դատավորի կողմից՝ մեկ վարույթի շրջանակում:

6.1. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված կարգով միացված դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ մեկ ամսվա ընթացքում՝ առանց դատական նիստ հրավիրելու, եթե այլ բան նախատեսված չէ միջազգային պայմանագրերով:

6.2. Դատարանը կարող է հրավիրել դատական նիստ, եթե դա թելադրված է գործի լուծման համար նշանակություն ունեցող հանգամանքների և գործում առկա ապացույցների վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ: Այդ դեպքում դիմումները քննվում, և դրանց վերաբերյալ որոշում է կայացվում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը վարույթ ընդունելու օրվանից հետո՝ երկու ամսվա ընթացքում:

6.3. Դիմումի քննության արդյունքով կայացվող եզրափակիչ դատական ակտի հրապարակման ժամանակը և վայրը նշվում են դիմումները միացնելու մասին դատարանի կողմից կայացվող որոշման մեջ, որը կայացվելուց հետո՝ երեք օրվա ընթացքում, ուղարկվում է արբիտրաժ և արբիտրաժային վարույթի կողմերին:

7. Արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալուց հետո արգելվում է արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելը, բացառությամբ այն դեպքի, երբ վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացրած անձը հիմնավորում է արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումով վարույթի ընթացքում նման դիմում ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով:

(323-րդ հոդվածը փոփ., խմբ., լրաց. 03.05.23 ՀՕ-159-Ն)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից)

(հոդվածը 11.04.24 ՀՕ-193-Ն օրենքի «կատարողական թերթ» բառերը համապատասխան հոլովաձևերով «հարկադիր կատարման դիմում» բառերով փոխարինելու մասով գործում է «Կատարողական վարույթի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված Կառավարության որոշմանը համապատասխան՝ կատարողական վարույթի հարուցման համար անհրաժեշտ տվյալները դատարանի կողմից Հարկադիր կատարումն ապահովող ծառայությանն էլեկտրոնային եղանակով փոխանցելն ապահովող համակարգի և դատարանի, Սահմանադրական դատարանի, Բարձրագույն դատական խորհրդի (դրանց աշխատակազմերի) կողմից էլեկտրոնային եղանակով հարկադիր կատարման դիմում ներկայացնելու համակարգի ներդրման պահից` համաձայն նույն օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ մասի)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։