Հոդված 23
Հոդված 23.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 278.1-ին հոդվածով.
«Հոդված 278.1. Վարչական իրավախախտման վերաբերյալ գործը գրավոր ընթացակարգով քննելու կարգը
1. Սույն օրենսգրքով տեղական ինքնակառավարման մարմինների և ոստիկանության իրավասությանը վերապահված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վարչական մարմինն իրականացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ վարչական մարմինը գալիս է այն եզրահանգման, որ գործն անհրաժեշտ է քննել բանավոր ընթացակարգով: Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացվում է սույն օրենսգրքով նախատեսված գործի քննության ընդհանուր կանոնների համաձայն` այն հատուկ կանոնների պահպանմամբ, որոնք սահմանված են սույն հոդվածով:
2. Վարչական վարույթի մասնակցի լսված լինելու իրավունքն ապահովվում է վարույթի հարուցման մասին ծանուցվելուց հետո նրա կողմից վարույթում քննարկվող հարցերի վերաբերյալ գրավոր դիրքորոշում և այն հիմնավորող ապացույցներ ներկայացնելու միջոցով: Վարչական մարմինը վարչական վարույթի մասնակիցներին վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցում է վարչական վարույթի վերաբերյալ նյութերը (արձանագրություն և այլ անհրաժեշտ նյութեր) անձին ներկայացնելու հետ մեկտեղ: Հիշյալ ծանուցման հետ մեկտեղ վարչական մարմինը վարչական վարույթի մասնակիցներին ներկայացնում է նաև պարզաբանում վարչական վարույթի համար անհրաժեշտ նյութերը ներկայացնելու, դրանց ներկայացման ժամկետների և սահմանված ժամկետում չներկայացնելու հետևանքների մասին:
3. Վարչական վարույթի մասնակցի միջնորդությունները, բացատրությունները, ապացույցները և այլ անհրաժեշտ նյութերը կարող են ներկայացվել վարչական գործի քննությունը գրավոր ընթացակարգով իրականացնելու վերաբերյալ ծանուցվելուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում: Վարչական վարույթի մասնակցի հիմնավոր միջնորդության հիման վրա սույն մասով սահմանված ժամկետը վարչական մարմինը կարող է երկարաձգել մինչև երկշաբաթյա ժամկետով:
4. Վարչական մարմինը սեփական նախաձեռնությամբ կամ վարույթի մասնակցի միջնորդությամբ կարող է անցկացնել բանավոր լսումներ, եթե վարչական մարմնի մոտ առաջանում են վարույթի մասնակիցների կողմից պարզաբանման ենթակա հարցեր։ Բանավոր լսումներ անցկացնելու վերաբերյալ վարույթի մասնակցի ներկայացրած միջնորդությունը պետք է պարունակի հարցերի այն շրջանակը, որոնք ունեն բանավոր քննարկման անհրաժեշտություն և նման անհրաժեշտության հիմնավորում։
5. Բանավոր լսումներ անցկացնելու անհրաժեշտության դեպքում վարչական մարմինը վարույթի մասնակիցներին և, ըստ անհրաժեշտության, այլ անձանց ծանուցում է նիստի անցկացման ժամանակի և վայրի մասին: Վարչական գործի քննությունը բանավոր ընթացակարգով իրականացնելու դեպքում վարույթի նկատմամբ կիրառվում են սույն օրենսգրքով նախատեսված վարչական գործի քննության կարգին վերաբերող ընդհանուր կարգավորումները:»: