Հոդված 6
Հոդված 6
1. Համոզված լինելով, որ հանգամանքները դա են պահանջում, ցանկացած Կողմ պետություն, որի տարածքում է գտնվում ենթադրյալ հանցագործը, իր օրենսդրությանը համապատասխան նրան կալանքի է վերցնում կամ անհրաժեշտ այլ միջոցներ է ձեռնարկում քրեական հետապնդում կամ հանձնման վարույթ հարուցելու նպատակով տվյալ անձի ներկայության համար: Տվյալ Կողմ պետությունն անհապաղ իրականացնում է փաստերի նախաքննություն:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված կալանքի կամ այլ միջոցների կիրառման մասին՝ ուղղակիորեն կամ Միավորված ազգերի կազմակերպության Գլխավոր քարտուղարի միջոցով, անհապաղ ծանուցվում են՝
ա) այն պետությունը, որտեղ կատարվել է հանցագործությունը.
բ) այն պետությունը, որի դեմ ուղղված կամ նախաձեռնված է եղել հարկադրանքը.
գ) այն պետությունը, որի քաղաքացու կամ իրավաբանական անձի դեմ է ուղղված կամ նախաձեռնված եղել հարկադրանքը.
դ) այն պետությունը, որի քաղաքացի է հանդիսանում պատանդը, կամ որի տարածքում նա մշտապես բնակվում է.
ե) այն պետությունը, որի քաղաքացի է հանդիսանում ենթադրյալ հանցագործը, կամ՝ եթե քաղաքացիություն չունեցող անձ է, պետությունը, որի տարածքում նա մշտապես բնակվում է.
զ) միջազգային միջկառավարական կազմակերպությունը, որի դեմ է ուղղված կամ նախաձեռնված եղել հարկադրանքը.
է) բոլոր այլ շահագրգիռ պետությունները:
3. Յուրաքանչյուր անձ, որի նկատմամբ ձեռնարկվել են սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված միջոցները, իրավունք ունի՝
ա) առանց հետաձգման կապվել իր քաղաքացիության պետության ամենամոտ համապատասխան ներկայացուցչի կամ այն պետության ներկայացուցչի հետ, որն այլ ձևով իրավասու է նման կապ հաստատել, կամ՝ եթե տվյալ անձը քաղաքացիություն չունի, ապա այն պետության, որի տարածքում նա մշտական բնակության վայր ունի.
բ) տվյալ պետության ներկայացուցչի այցելության:
4. Սույն հոդվածի 3-րդ կետում նշված իրավունքները իրականացվում են այն պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, որի տարածքում գտնվում է ենթադրյալ հանցագործը՝ պայմանով, սակայն, որ նշված օրենքները և կանոնակարգերը նպաստեն այն նպատակների ամբողջական իրագործմանը, որոնց համար տրամադրվել են սույն հոդվածի 3-րդ կետով նախատեսված իրավունքները:
5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի դրույթները չպետք է վնասեն 5-րդ հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետի համաձայն իրավազորություն ստանալու իրավունք ունեցող որևէ Կողմ պետության իրավունքին` հրավիրելու Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ ենթադրյալ հանցագործին այցելելու կամ նրա հետ հաղորդակցվելու համար:
6. Պետությունը, որն իրականացնում է սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված նախաքննությունը, սույն հոդվածի 2-րդ կետում նշված պետություններին կամ կազմակերպությանը անհապաղ հայտնում է վարույթի արդյունքները և նշում, թե ինքը մտադիր է արդյոք իրավազորություն իրականացնել: