Հոդված 4. Դասակարգման կիրառումը
Հոդված 4. Դասակարգման կիրառումը
1) Դասակարգումը կրում է բացառապես վարչական բնույթ:
2) Հատուկ միության երկրների իրավասու գերատեսչությունները իրավունք ունեն Դասակարգումն օգտագործել որպես հիմնական կամ լրացուցիչ համակարգ:
3) Հատուկ միության երկրների իրավասու մարմինները ներառում են՝
i) իրենց կողմից տրված արտոնագրերում, հեղինակային վկայագրերում, օգտակար մոդելներում և օգտակարության մասին վկայագրերում, ինչպես նաև պահպանության նշված տեսակներին վերաբերող հայտերում՝ անկախ նրանից՝ հրապարակվում են այդ նյութերը, թե այդ մարմինների կողմից դրվում են համընդհանուր ծանոթացման, և
ii) i ենթակետում հիշատակված փաստաթղթերի հրապարակման կամ համընդհանուր ծանոթացման դնելու մասին պաշտոնական հրատարակություններում զետեղված ծանուցումներում, Դասակարգման լրիվ ցուցիչները, որը կիրառված է գյուտի նկատմամբ, որին վերաբերում է i ենթակետում նշված փաստաթուղթը:
4) Սույն Համաձայնագիրն ստորագրելիս, վավերագիրը կամ միացման ակտն ի պահ հանձնելիս.
i) ցանկացած երկիր կարող է հայտարարել, որ չի պարտավորվում, ինչպես դա նախատեսված է 3-րդ կետում, նշել Դասակարգման խմբերի և ենթախմբերի ցուցիչները միայն համընդհանուր ծանոթացման դրված հայտերում, ինչպես նաև այդ հայտերին վերաբերող ծանուցումներում, և
ii) ցանկացած երկիր, որը նորության փորձաքննություն չի անցկացնում, լինի դա սովորական կամ հետաձգված փորձաքննություն, և որում արտոնագիր տալու կամ պահպանության այլ ձևերի ընթացակարգը չի նախատեսում տեխնիկայի մակարդակի որոշման համար որոնման անցկացում, կարող է հայտնել, որ ինքը չի պարտավորվում 3-րդ կետում հիշատակված փաստաթղթերում և ծանուցումներում ներառել Դասակարգման խմբերին և ենթախմբերին վերաբերող ցուցիչները: Եթե այդպիսի հանգամանքներ գոյություն ունեն պահպանության միայն որոշ ձևերի կամ տեխնիկայի որոշ բնագավառների նկատմամբ, տվյալ երկիրը կարող է վերապահություն անել միայն այն բանի նկատմամբ, ինչին առնչվում են նշված հանգամանքները:
5) Դասակարգման ցուցիչները, որոնց նախորդում են «Միջազգային արտոնագրային դասակարգում» բառերը կամ այդ բառերի հապավումը, ինչը կորոշվի 5-րդ հոդվածում հիշատակված փորձագետների Կոմիտեի կողմից, տպագրվում են թավատառ կամ այնպես, որ դրանք պարզ երևան (3)(i) կետում հիշատակված յուրաքանչյուր փաստաթղթի սկզբում, որում դրանք պետք է ներառվեն:
6) Եթե Հատուկ միության որևէ երկիր արտոնագիր տալը հանձնարարում է որևէ միջկառավարական մարմնի, նա ձեռնարկում է այդ մարմնի կողմից սույն հոդվածին համապատասխան Դասակարգման կիրառումն ապահովող բոլոր հնարավոր միջոցները: