Հոդված 5. Փորձագետների կոմիտե
Հոդված 5. Փորձագետների կոմիտե
1) Հիմնադրվում է Փորձագետների կոմիտե, որում ներկայացված է Հատուկ միության յուրաքանչյուր երկիր:
2) ա) Գլխավոր տնօրենը Փորձագետների կոմիտեի նիստերին հրավիրում է՝ դիտորդների կարգավիճակով մասնակցելու արտոնագրային ասպարեզում մասնագիտացող միջկառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին, որոնց անդամ երկրներից առնվազն մեկը սույն Համաձայնագրի մասնակից է:
բ) Գլխավոր տնօրենը հրավիրում է այլ միջկառավարական և միջազգային ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ մասնակցելու իրենց հետաքրքրող հարցերի քննարկմանը:
3) Փորձագետների կոմիտեն.
i) փոփոխություններ է մտցնում Դասակարգման մեջ.
ii) Դասակարգման օգտագործմանն աջակցելու և դրա միատեսակ կիրառումը զարգացնելու նպատակով հանձնարարականներ է հղում Հատուկ միության երկրներին.
iii) աջակցում է միջազգային համագործակցությանը այն փաստաթղթերի վերադասակարգման հարցերում, որոնք օգտագործվում են գյուտերի փորձաքննության ընթացքում՝ ուշադրություն դարձնելով, մասնավորապես, զարգացող երկրների կարիքներին.
iv) ձեռնարկում է բոլոր այլ միջոցները, որոնք աջակցում են զարգացող երկրներում Դասակարգման կիրառմանը, Հատուկ միության կամ Կազմակերպության բյուջեում ֆինանսական հետևանքներ չառաջացնելով.
v) իրավունք ունի ստեղծել ենթակոմիտեներ և աշխատանքային խմբեր:
4) Փորձագետների կոմիտեն ընդունում է ընթացակարգի իր կանոնները: Այդ կանոնները ապահովում են ենթակոմիտեների և աշխատանքային խմբերի նիստերին 2-րդ հոդվածի «ա» կետում հիշատակված միջկառավարական կազմակերպությունների մասնակցության հնարավորությունը, որոնք կարող են Դասակարգման կատարելագործման զգալի ծավալի աշխատանքներ կատարել:
5) Դասակարգման փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները կարող են ներկայացվել Հատուկ միության յուրաքանչյուր երկրի իրավասու մարմնի, Միջազգային բյուրոյի, 2-րդ հոդվածի «ա» կետի համաձայն՝ Փորձագետների կոմիտեում ներկայացված յուրաքանչյուր միջկառավարական կազմակերպության և այդպիսի առաջարկություններ ներկայացնելու նպատակով Փորձագետների կոմիտեի կողմից հատուկ հրավիրված որևէ այլ կազմակերպության կողմից: Առաջարկություններն ուղարկվում են Միջազգային բյուրո, որը դրանք ուղարկում է Փորձագետների կոմիտեի անդամներին և դիտորդներին ոչ ուշ, քան երկու ամիս առաջ մինչև Փորձագետների կոմիտեի նստաշրջանի սկսվելը, որտեղ նշված առաջարկությունները պետք է քննարկվեն:
6) ա) Փորձագետների կոմիտեի անդամ յուրաքանչյուր երկիր ունի մեկ ձայն:
բ) Փորձագետների կոմիտեն իր որոշումներն ընդունում է ներկա գտնվող և քվեարկությանը մասնակցող երկրների ձայների պարզ մեծամասնությամբ:
գ) Յուրաքանչյուր որոշում ընդունելու համար, որը ներկա և քվեարկությանը մասնակցած երկրների ձայների մեկ հինգերորդի կողմից գնահատվում է որպես Դասակարգման հիմնական կառուցվածքի փոփոխության հանգեցնող կամ վերադասակարգման զգալի աշխատանք պահանջող որոշում, պահանջվում է ներկա գտնվող և քննարկմանը մասնակցող երկրների ձայների երեք քառորդ մեծամասնություն:
դ) Ձեռնպահների ձայները հաշվի չեն առնվում: