Հոդված 3. Հարցումների բովանդակությունը
Հոդված 3. Հարցումների բովանդակությունը
1. Սույն Պայմանագրի շրջանակներում օգնության վերաբերյալ հարցումները պետք է ներկայացվեն գրավոր: Այնուամենայնիվ, անհետաձգելի դեպքերում կամ հայցվող Կողմի թույլտվությամբ հարցումները կարող են ներկայացվել բանավոր՝ հետագայում անհապաղ դրանց գրավոր հաստատմամբ:
2. Օգնության վերաբերյալ հարցումները պետք է ներառեն հետևյալ տեղեկությունները.
ա) իրավասու մարմնի անվանումը, որն իրականացնում է հարցմանը վերաբերող քննությունը կամ քրեական հետապնդումը,
բ) քննությանը կամ քրեական հետապնդմանը վերաբերող հարցերը, ներառյալ համապատասխան փաստերն ու օրենքները,
գ) հարցման նպատակը և պահանջվող օգնության բնույթը,
դ) որևէ մասնավոր ընթացակարգի մանրամասները կամ պահանջները, որոնք հայցող Կողմը ցանկանում է, որ իրականացվեն,
ե) ժամկետը, որի ընթացքում հարցումը պետք է կատարվի,
զ) քննության կամ քրեական հետապնդման ենթակա անձի կամ անձանց ինքնությունը (անունը, ազգանունը, ծննդյան վայրը, տարին և ամսաթիվը, ինչպես նաև այլ համապատասխան մանրամասներ), ազգությունը և գտնվելու վայրը,
է) ապացույցներ ձեռք բերելու կամ հետախուզում ու բռնագրավում իրականացնելու վերաբերյալ հարցումների դեպքում պետք է նշվի հիմնավորում այն մասին, որ ապացույցները կարող են գտնվել հայցվող Կողմի իրավասության ներքո,
ը) անձից ապացույցներ ձեռք բերելու վերաբերյալ հարցումների դեպքում պետք է գրավոր նշվի՝ արդյոք պահանջվում է երդման կամ գործողության կատարման վերաբերյալ արձանագրություն, թե ոչ, ինչպես նաև տրվի պահանջվող ապացույցների նկարագրությունը,
թ) իրեղեն ապացույցներ տրամադրելու դեպքում՝ այն անձը կամ անձանց խումբը, որոնց մոտ գտնվում են այդ ապացույցները, այն վայրը, որտեղ պետք է փոխադրվեն իրեղեն ապացույցները, այն փորձաքննությունները, որոնք պետք է կատարվեն, և այն ժամկետը, երբ նմուշները պետք է վերադարձվեն,
ժ) կալանքի տակ գտնվող անձին կամ անձանց հանձնելու դեպքում՝ այն վայրը, ուր պետք է տեղափոխվի կալանքի տակ գտնվող անձը, և այն ժամկետը, երբ պետք է վերադարձվի կալանավորված անձը,
ժա) գաղտնիություն պահպանելու անհրաժեշտությունը և դրա պատճառները։
3. Հանցագործության գործիքների և միջոցների առգրավման և բռնագրավման վերաբերյալ հարցումների դեպքում, որքանով դա հնարավոր է, ներկայացվում են նաև հետևյալ փաստաթղթերը.
ա) հանցագործության գործիքների և միջոցների մանրամասն նկարագրությունը, ներառյալ դրանց գտնվելու վայրը,
բ) հիմնավորում այն մասին, որ փողը կամ սեփականությունը հանդիսանում են հանցագործության գործիքներ կամ միջոցներ,
գ) ապացույցների նկարագրությունը, որոնք անհրաժեշտ են հայցվող Կողմին՝ դատավարության իրականացնելու համար:
4. Հայցվող Կողմը չպետք է մերժի հարցման կատարումը զուտ այն պատճառով, որ այն չի պարունակում սույն հոդվածով նախատեսված տեղեկությունը, եթե այն, այնուամենայնիվ, առանց այդպիսի տեղեկության առկայության կարող է կատարվել հայցվող Կողմի օրենքով:
5. Եթե հայցվող Կողմը գտնում է, որ հարցումը կատարելու համար անհրաժեշտ է լրացուցիչ տեղեկություն, ապա նա կարող է պահանջել այդպիսի լրացուցիչ տեղեկություն: