Հոդված 13. Որոնումը և փրկարարությունը
Հոդված 13. Որոնումը և փրկարարությունը
1. Աղետալի իրավիճակում հայտնված օդանավերին օգնելու և ավիացիոն պատահարից հետո ողջ մնացածներին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպվում են որոնման և փրկարարական ծառայություններ՝ Չիկագոյի կոնվենցիայի 12-րդ հավելվածի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի բնագավառում որոնման և փրկարարական ծառայությունների (կազմավորումների) աշխատանքների կազմակերպման և համագործակցության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: Նշված կարգը սահմանելիս ապահովվում է, որպեսզի տեղերում առկա միջոցներն ու ծառայությունները, որոնք որոնողափրկարարական ծառայության անմիջական մաս չեն կազմում, ըստ հնարավորին ներառվեն իրականացվող աշխատանքներում՝ պատահարից հետո ողջ մնացածներին օգնելու հնարավորություններն ընդարձակելու նպատակով:
3. Որոնման և փրկարարական ծառայությունն ապահովում է որոնողափրկարարական աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև հարակից տարածքներում (որոնման և փրկարարական շրջան)՝ համաձայն միջազգային պայմանագրերի:
4. Որոնման և փրկարարական շրջանում հիմնվում է Փրկարարական համակարգող կենտրոն: Որոնողական և փրկարարական աշխատանքների կազմակերպման նպատակահարմարությունից ելնելով՝ կարող են հիմնվել փրկարարական համակարգող ենթակենտրոններ:
5. Օդային երթևեկության սպասարկման միավորները տեղերում, ինչպես նաև բոլոր սերտիֆիկացված աերոդրոմները, որոնողափրկարարական աշխատանքների իրականացման ողջ ընթացքում հանդիսանում են որոնողափրկարարական ծառայության մաս և ապահովում են Փրկարարական համակարգող կենտրոնի կամ փրկարարական համակարգող ենթակենտրոնի պահանջած աջակցությունն ու տեղեկատվությունը:
6. Պետական, տեղական ինքնակառավարման մարմինները, օդանավի սեփականատերերը և շահագործողները, օդանավում, օդանավակայանում, աերոդրոմներում կամ այլ միջոցներով ավիացիոն ծառայություններ մատուցող անձինք պարտավոր են մասնակցել որոնողափրկարարական աշխատանքներին և մինչև որոնման և փրկարարական ուժերի ժամանումը միջոցներ ձեռնարկել մարդկանց փրկելու և նրանց անհետաձգելի բժշկական և այլ օգնություն ցուցաբերելու, ինչպես նաև տվյալ օդանավի և դրանում գտնվող փաստաթղթերի ու գույքի պահպանության ուղղությամբ: Որոնողափրկարարական աշխատանքների ընթացքում նրանց կատարած համապատասխան ծախսերը հատուցում է օդանավը շահագործողը:
7. Որոնողափրկարարական ծառայությունները համագործակցում են պատահարը քննողների և պատահարից տուժած անձանց օգնություն ցուցաբերողների հետ: Պատահարի քննությանը նպաստելու նպատակով որոնողափրկարարական ծառայությանը հնարավորության դեպքում ուղեկցում են պատահարների քննության հարցերում իրազեկ անձինք:
8. Մինչև սույն օրենքի 54-րդ հոդվածով սահմանված կարգով նշանակված պատահարը քննող հանձնաժողովի ժամանումը, օդանավի ջարդված մասերը չպետք է տեղաշարժվեն ավելի, քան դա անհրաժեշտ է օդանավում գտնվողներին փրկելու կամ զոհվածների մարմինները տեղափոխելու համար:
Տեղաշարժված բոլոր առարկաները պահվում են պատահարի վայրում:
9. Օդանավի կորելու, աղետալի իրավիճակում հայտնվելու, պատահարի կամ օդային երթևեկությանն այլ վտանգ սպառնալու դեպքում անհրաժեշտ միջոցառումների իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: