Հոդված 60. Բեռի փոխադրման փաստաթղթերը
Հոդված 60. Բեռի փոխադրման փաստաթղթերը
1. Բեռի, սույն օրենքի իմաստով՝ տվյալ օդանավով փոխադրվող ցանկացած գույքի, բացառությամբ օդանավային պիտույքների և ուղեբեռի, փոխադրման նպատակով բեռ առաքողը լրացնում և փոխադրողին է հանձնում բեռի վերաբերյալ փաստաթուղթ՝ տրանսպորտային բեռնագիր (այսուհետ՝ բեռնագիր):
2. Բեռնագրի բացակայությունը, սխալ լրացնելը կամ կորուստը չեն ազդում փոխադրման պայմանագրի վավերականության վրա, որը պետք է սույն օրենքի 64-րդ հոդվածից բխող բացառությունների հետ համապատասխանի սույն գլխով սահմանված կանոններին:
3. Բեռնագիրը կազմվում է բեռ առաքողի կողմից առնվազն երեք օրինակից և հանձնվում է բեռի հետ: Առաջին օրինակը կրում է «փոխադրողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի կողմից: Երկրորդ օրինակը կրում է «բեռն առաքողի համար» նշումը և ստորագրվում է բեռն առաքողի ու փոխադրողի կողմից և ուղեկցում է բեռը: Երրորդ օրինակն ստորագրվում է փոխադրողի կողմից և բեռն ընդունելուց հետո նրա կողմից հանձնվում է բեռն առաքողին:
4. Փոխադրողը ստորագրում է բեռնագիրը նախքան բեռի օդանավ բարձելը:
5. Եթե բեռն առաքողի պահանջով բեռնագիրը կազմել է փոխադրողը, ապա համարվում է, որ նա արել է այդ բանը բեռն առաքողի անունից, եթե հակառակը չի ապացուցված:
6. Եթե փոխադրումն ընդգրկում է մեկից ավելի տեղերով բեռներ, ապա փոխադրողը կարող է պահանջել բեռն առաքողից կազմելու առանձին բեռնագրեր:
7. Բեռնագրում՝
1) նշվում են մեկնման վայրը և նպատակակետը.
2) եթե մեկնման վայրը և նպատակակետը գտնվում են միևնույն պետության տարածքում և նախատեսված են մեկ կամ մի քանի համաձայնեցված կանգառներ մեկ այլ պետության տարածքում գտնվող վայրերում, ապա նշվում է առնվազն մեկ նման կանգառի համար նախատեսված վայրը.
3) տրվում է ծանուցում առ այն, որ Վարշավյան կոնվենցիան և համապատասխան օրենսդրական ակտերը վավերական են փոխադրման առնչությամբ, և որ կոնվենցիան կամ օրենսդրական ակտերը, որպես կանոն, սահմանափակում են փոխադրողի պատասխանատվությունը բեռի կորստի, փչացման կամ վնասման դեպքում:
8. Եթե փոխադրողի համաձայնությամբ բեռը բարձվել է օդանավ առանց բեռնագիր կազմելու, կամ եթե բեռնագիրը չի ընդգրկում սույն հոդվածի 7-րդ մասի 3-րդ կետով նախատեսված նշումը, ապա փոխադրողն իրավունք չունի իրեն վերապահելու սույն օրենքի 64-րդ հոդվածով սահմանված պատասխանատվության սահմանափակումները:
9. Բեռնագիրը հանդիսանում է բեռի ընդունման և փոխադրման պայմանների կապակցությամբ կնքված պայմանագրի վկայություն:
10. Բեռնագրում նշված բեռի քաշին, չափերին, տեղերի քանակին և փաթեթավորմանը վերաբերող տվյալները համարվում են հավաստի: Միաժամանակ բեռնագրում նշված այլ նշումները, որոնք վերաբերում են բեռի քանակին, ծավալին և վիճակին, չեն կարող ծառայել որպես ապացույց ընդդեմ փոխադրողի, բացառությամբ այն դեպքերի, եթե նա բեռն առաքողի ներկայությամբ ստուգել է տեղեկությունները և հաստատել է այդ փաստը բեռնագրում, կամ եթե նշումները վերաբերում են բեռի արտաքին վիճակին:
11. Բեռն առաքողը փոխհատուցում է իր կողմից բեռնագրում զետեղված բեռի մասին սխալ, ոչ ճշգրիտ կամ ոչ լիարժեք տեղեկությունների պատճառով փոխադրողի կամ ցանկացած այլ անձի կողմից կրած վնասները, որի առջև փոխադրողը պատասխանատվություն է կրում: