Անցնել բովանդակությանը
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱԳլուխ 9 · ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ՈԼՈՐՏՈՒՄ ԹՌԻՉՔԱՅԻՆ ԵՎ ԱՎԻԱՑԻՈՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ

Հոդված 52. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը

գործել է մինչև 2009-03-29Բացել ARLIS-ում

Հոդված 52. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը

1. Քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունը համալիր միջոցառումների համակարգ է, ինչպես նաև մարդկային և նյութական ռեսուրսներ, որոնք նախատեսված են ապահովելու քաղաքացիական ավիացիայի պաշտպանությունը անօրինական միջամտության ակտերից:

2. Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից բխող՝ քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգությունն ապահովող համապատասխան իրավական ակտերն ընդունում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. Միջազգային և ներքին քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության, անխափան և արդյունավետ գործունեության ապահովման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագիրը և ստեղծում է ավիացիոն անվտանգության միջգերատեսչական հանձնաժողով, որը մշակում է ավիացիոն անվտանգության բնագավառում վարվող պետական քաղաքականության հիմնադրույթները և բնագավառին վերաբերող իրավական ակտերի նախագծերը, իրականացնում է ավիացիոն անվտանգության մասով քաղաքացիական ավիացիայի գործունեության ուսումնասիրությունն ու վերլուծությունը:

4. Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ավիացիայի անվտանգության միջոցառումների իրականացման հարցերը համակարգող լիազոր մարմնի իրավասությունը վերապահվում է լիազորված մարմնին, որը՝

1) պատասխանատու է քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի մշակման, իրականացման և պահպանման համար.

2) ապահովում է Հայաստանի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու կազմակերպությունների և քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի տարբեր ոլորտների համար պատասխանատու մարմինների գործողությունների փոխհամաձայնեցմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

3) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, օդանավակայանների, օդանավ շահագործողների և այլ անձանց հետ համատեղ իրականացնում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրով նախատեսված խնդիրները.

4) մշակում, իրականացնում և պահպանում է քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության որակի հսկողության ազգային ծրագիրը, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի վերապատրաստման ծրագրեր՝ քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար.

5) համագործակցում է օտարերկրյա պետությունների համապատասխան իրավասու մարմինների հետ՝ ըստ անհրաժեշտության` քաղաքացիական ավիացիայի ավիացիոն անվտանգության ազգային ծրագրերի առնչությամբ, ինչպես նաև ավիացիոն անվտանգության ծառայությունների անձնակազմերի վերապատրաստման ծրագրերի մշակման և տեղեկատվության փոխանակման նպատակով:

Սույն հոդվածով նախատեսված պարտականությունների կատարման նպատակով լիազորված մարմինը սահմանում է կանոնակարգեր:

5. Միջազգային և ներքին օդային երթևեկության պահանջներին համապատասխանող օդանավակայանային անվտանգության ծրագրերը սահմանվում և վարվում են այդ երթևեկությունն սպասարկող յուրաքանչյուր օդանավակայանի համար և, որպես աերոդրոմի վկայականի տրամադրման նախապայման, հաստատվում են լիազորված մարմնի կողմից:

6. Միջազգային և ներքին օդային հաղորդակցություններ իրականացնող՝ լիազորված մարմնի տված օդանավ շահագործողի վկայական կրողները, օդային երթևեկության սպասարկում և ավիացիոն գործունեություն իրականացնող այլ կազմակերպությունները լիազորված մարմին են ներկայացնում և ներդնում ավիացիոն անվտանգության ծրագիր, որը պետք է համապատասխանի քաղաքացիական ավիացիայի անվտանգության ազգային ծրագրի պահանջներին:

7. Ավիացիոն անվտանգությունն ապահովում են օդանավակայանների ավիացիոն անվտանգության ծառայությունները, որոնք հանդիսանում են հատուկ կանոնադրական խնդիրներ իրականացնող ծառայություններ: Ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառներում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինները գործում են օրենքով իրենց վերապահված լիազորությունների շրջանակներում:

Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցներին իրենց գործունեությունն իրականացնելու նպատակով տրվում է վկայական՝ լիազորված մարմնի սահմանած կարգով: Ավիացիոն անվտանգության ծառայությունների աշխատակիցներին ծառայողական պարտականությունների կատարման ընթացքում թույլատրվում է կրել և կիրառել ծառայողական զենք՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև կրել սահմանված ձևի համազգեստ:

8. Ավիացիոն անվտանգությունն իրականացվում է՝

1) օդանավով զենքի, ռազմամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ, թունավոր, դյուրավառ նյութերի և այլ վտանգավոր առարկաների ու նյութերի ապօրինի փոխադրումը բացառելու, իսկ դրանց օրինական փոխադրման ընթացքում՝ նախազգուշական և կանխարգելիչ միջոցառումների կիրառման նպատակով.

2) ուղևորների, օդանավի անձնակազմի անդամների, նրանց ձեռքի իրերի, ուղեբեռի, բեռների, փոստի և օդանավային պիտույքների, օդանավակայանների հատուկ վերահսկելի գոտիներում աշխատանքային և ծառայողական պարտականություններ կատարող անձանց, ինչպես նաև օդանավերի ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողության իրականացման միջոցով: Անհրաժեշտության դեպքում կատարվում է ուղևորի անձնական զննում, ինչպես նաև ուղևորի զննում օդանավում՝ օդանավի հրամանատարի պահանջով.

3) օդանավակայանի վերահսկելի և հատուկ վերահսկելի գոտիներում անցագրային վերահսկողության սահմանման, օդանավակայանների, օդանավերի և կարևոր օբյեկտների պահպանության կազմակերպման և իրականացման միջոցով.

4) քաղաքացիական ավիացիայի գործունեությանն անօրինական միջամտության գործողություններին հակազդելու միջոցառումների, այդ թվում նաև՝ իրավապահ մարմինների մասնակցությամբ իրականացվող միջոցառումների կիրառմամբ:

9. Ավիացիոն անվտանգության նախաթռիչքային հսկողությունից՝ զննումից ուղևորի հրաժարվելու դեպքում ուղևորը չի թույլատրվում թռիչքի: Ավիացիոն անվտանգության հսկողության իրականացման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։