Հոդված 30. Ատեստավորմանը ներկայացվող պահանջները
Հոդված 30. Ատեստավորմանը ներկայացվող պահանջները
1. Օդանավի սեփականատերը, իսկ եթե այն չի շահագործվում սեփականատիրոջ կողմից, ապա օդանավ շահագործողը պարտավոր է ապահովել օդանավի անձնակազմը համապատասխան մասնագետներով` սահմանված կանոնակարգերի համաձայն:
2. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի անդամ կարող է հանդիսանալ սույն օրենքի համաձայն լիազորված մարմնի կողմից տրված կամ ուժ ստացած համապատասխան վկայական (այսուհետ՝ վկայական) ունեցող անձը: Օդանավի անձնակազմի վկայականների տրման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
3. Օտարերկրյա պետությունում գրանցված օդանավը Հայաստանի Հանրապետությունում կարող է կառավարվել օտարերկրյա պետության կողմից համապատասխան վկայական ստացած անձանց կողմից, եթե դա ճանաչվում է Հայաստանի Հանրապետությունում Չիկագոյի կոնվենցիայի կամ օդանավի գրանցման պետության հետ կնքված համաձայնագրի համաձայն:
4. Անձնակազմի անդամների ատեստավորման և թռիչքային աշխատանքների կազմակերպման կարգերը սահմանում է լիազորված մարմինը: Կարգերը ներառում են թռիչքային անձնակազմի անդամի տարիքին, գիտելիքներին, հմտություններին, փորձառությանը, ֆիզիկական ու մտավոր առողջությանը և ընդհանուր պատրաստականությանը վերաբերող պահանջներ:
Օդանավի անձնակազմի անդամների մասնագիտական պատրաստվածությունը հավաստվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված լիցենզիա ունեցող ուսումնական հաստատության կամ լիազորված մարմնի կողմից ճանաչված օտարերկրյա ուսումնական հաստատության տված փաստաթղթով: Նշված ուսումնական հաստատությունների համապատասխանությունը քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունների սահմանված պահանջներին հաստատվում է լիազորված մարմնի կողմից տրվող համապատասխանության վկայականով, որի տրման կարգը սահմանում է լիազորված մարմինը:
Լիազորված մարմինը սահմանում է ատեստավորում անցած և դրա հիման վրա գործող վկայականներ կրող օդանավի անձնակազմի անդամների մասնագիտական պատրաստվածության և դրա շարունակական ապահովման, ինչպես նաև նոր տիպի օդանավերի վրա վերապատրաստմանն ուղղված կանոնակարգեր:
5. Վկայական ստանալու հայտ ներկայացրած կամ վկայական կրող անձանց բժշկական զննումն իրականացնում են ավիացիոն բժշկության բնագավառի միջազգային սերտիֆիկատ կամ թույլտվություն ունեցող կազմակերպությունները` լիազորված մարմնի սահմանած կարգով: Զննման արդյունքները վավերացվում են բժշկական սերտիֆիկատով, որը տրվում է լիազորված մարմնի սահմանած կանոնակարգերի համաձայն:
6. Վկայական կրողը պարտավոր է դրանում նախատեսված մասնագիտական գործունեության վրա անդրադարձող հանգամանքների մասին հայտնել լիազորված մարմնին:
7. Վկայականը տրվում է դրանում նշված որոշակի գործողության ժամկետով: Վկայականի գործողության ժամկետը կարող է երկարաձգվել, եթե անձն այդ պահին բավարարում է ատեստավորման համար ներկայացվող պահանջները:
8. Օտարերկրյա պետությունների կողմից տրված վկայականները Հայաստանի Հանրապետությունում կարող են ճանաչվել և կիրառվել Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավի անձնակազմի կողմից համապատասխան ծառայություններ մատուցվելու նպատակով, եթե օտարերկրյա պետության կողմից վկայականը տրված է լիազորված մարմնի կողմից վկայականների տրման պահանջներից առնվազն նվազագույններին համապատասխան: Օտարերկրյա պետության կողմից տրված վկայականը ուժ է ստանում լիազորված մարմնի վավերագրի տրամադրման ձևով, որի պայմաններն ու կարգը սահմանում է լիազորված մարմինը:
9. Ատեստավորում անցած անձին տրվող արտոնությունների, ինչպես նաև սահմանված հատուկ պայմանների և սահմանափակումների մասին նշումները կատարվում են սույն հոդվածով սահմանված կարգով տրված վկայականներում կամ դրանց վավերագրերում: