Հոդված 35. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները
Հոդված 35. Օդանավի հրամանատարը և անձնակազմի անդամները
1. Օդանավի հրամանատարը (օդաչուն) թռիչքի ժամանակահատվածում օդանավում բարձրագույն պաշտոնատար անձն է:
2. Օդանավի հրամանատարը պատասխանատվություն է կրում օդանավի վարման և թռիչքային անվտանգության համար թռիչքի ողջ ժամանակահատվածում: Սույն հոդվածի իմաստով թռիչքի ժամանակահատված է համարվում թռիչքի նպատակով օդանավի շարժման պահից մինչև թռիչքն ավարտելուց դրա լրիվ կանգառման պահի ընդհանուր ժամանակահատվածը:
3. Օդանավի հրամանատարը և, եթե նախատեսված է, նրան փոխարինողը (երկրորդը անձնակազմում) նշանակվում են օդանավի սեփականատիրոջ կողմից: Եթե օդանավն օգտագործվում է սեփականատեր չհանդիսացող շահագործողի կողմից, ապա օդանավի հրամանատարը և նրան փոխարինողը նշանակվում են շահագործողի և սեփականատիրոջ միջև ձեռք բերված փոխադարձ համաձայնությամբ: Նշանակված օդաչուների հաստատված ցանկը օդանավ շահագործողը պարտավոր է ներկայացնել լիազորված մարմին։
4. Հայաստանի Հանրապետությունում գրանցված օդանավերի անձնակազմի անդամներ կարող են հանդիսանալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, եթե լիազորված մարմինը բացառության կարգով այլ որոշում չի կայացնում: