Անցնել բովանդակությանը
ԱՎԻԱՑԻՈՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐԳլուխ 2 · ԱՎԻԱՑԻԱՅԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ ԵՎ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ

Հոդված 7. Պետական կառավարման լիազորված մարմինը

գործել է մինչև 2009-03-29Բացել ARLIS-ում

Հոդված 7. Պետական կառավարման լիազորված մարմինը

1. Հայաստանի Հանրապետությունում ավիացիայի (բացառությամբ ռազմականի) բնագավառի պետական կառավարում իրականացնող լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության հանրապետական մարմին է (այսուհետ՝ լիազորված մարմին), որն իրականացնում է ավիացիոն ծառայությունների և Հայաստանի Հանրապետությունում գործող ավիացիոն ենթակառուցվածքների վերահսկողությունը, ավիացիայի բնագավառում վարվող քաղաքականության վերաբերյալ խորհրդատվության ու առաջարկների ներկայացումը Հայաստանի Հանրապետության կառավարությանը:

2. Լիազորված մարմնի հիմնական խնդիրներն ու գործառույթներն են՝

1) քաղաքացիական ավիացիայի և ոչ ռազմական պետական ավիացիայի գործունեության պետական կառավարման իրականացումը.

2) օդային տրանսպորտի բնագավառում վարվող քաղաքականության հիմնադրույթների, ներքին և միջազգային օդային հաղորդակցությունների իրավունքների և այդ իրավունքներին վերաբերող միջազգային համաձայնագրերի նախապատրաստումը, քննարկումը և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը ներկայացումը.

3) քաղաքացիական ավիացիայի գործունեության, ներառյալ` օդանավակայանային գործունեության և օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև ավիացիայի բնագավառում շահագործվող վերգետնյա միջոցների և մատուցվող ծառայությունների թռիչքային ու ավիացիոն անվտանգության պահանջների սահմանումը, կանոնակարգումը և վերահսկողությունը՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներին դրանց համապատասխանությունն ապահովելու նպատակով.

4) սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնող անձանց, կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների ու դրանց որակի, թռիչքային և ավիացիոն անվտանգության վերահսկողության իրականացումն ու տեսչական գործառույթների անցկացումը՝ գործող պահանջներին դրանց շարունակական համապատասխանությունն ապահովելու նպատակով.

5) խաղաղ ժամանակ, սույն օրենքի համաձայն, օդային երթևեկության սպասարկման, ինչպես նաև աերոնավիգացիոն հեռահաղորդակցության և աերոնավիգացիոն տեղեկատվության ծառայությունների կանոնակարգումը.

6) քաղաքացիական ավիացիայում Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի, Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների և միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրապարակած փաստաթղթերի դրույթների կատարումն ապահովող կանոնակարգերի մշակումը, հաստատումը և ներդնումը, եթե դրանք առնչվում են կամ կարող են անդրադառնալ ռազմական ավիացիայի խնդիրներին՝ համաձայնեցնելով դրանք պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի հետ.

7) սույն օրենքի համաձայն` ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնելու համար համապատասխան սերտիֆիկատներ, լիցենզիաներ, վկայականներ և թույլտվություններ տալը՝ անհրաժեշտության դեպքում համապատասխան քննությունների, թեստերի անցկացման ու տեսչական գործառույթների իրականացման նպատակով փորձագետների և մասնագետների ներգրավմամբ.

8) քաղաքացիական ավիացիայում ավիացիոն պատահարների և միջադեպերի մասնագիտական քննությունը (պատահարների և միջադեպերի քննությունը), թռիչքային անվտանգության (ապահովության) հարցերում առկա միտումների վերլուծությունը և ավիացիոն գործունեություն իրականացնողներին հետագա պատահարների կանխարգելման նպատակով համապատասխան տեղեկատվության մատուցումը.

9) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայում ավիացիոն անվտանգության ազգային ծրագրի ներդրումը և վարումը.

10) օդանավերի երկրորդային հետևանքներ չառաջացրած աղետների դեպքում որոնողափրկարարական աշխատանքների համակարգումը.

11) քաղաքացիական ավիացիայի բնագավառում գործունեություն իրականացնողներից ֆինանսական և արտադրական գործունեությանը վերաբերող վիճակագրական բնույթի տվյալների հավաքումն ու գնահատումը.

12) քաղաքացիական ավիացիայի թռիչքային և ավիացիոն անվտանգության սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու անձանց վարչական պատասխանատվության ենթարկելը.

13) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված այլ խնդիրների իրականացումը.

14) կոնցեսիոն պայմանագրով նախատեսված ավիացիոն ծառայությունների և ենթակառուցվածքի նկատմամբ վերահսկողությունը լիազորված մարմինը կարող է իրականացնել միայն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների ապահովության և անվտանգության պահանջների կատարման նկատմամբ.

15) սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի համակարգում գործունեություն իրականացնողների կողմից կատարվող աշխատանքների և մատուցվող ծառայությունների որակի վերահսկողության տեսչական ստուգումների անցկացումը: Կոնցեսիոներներին առնչվող տեսչական ստուգումներն իրականացվում են միայն ԻԿԱՕ-ի և Հայաստանի Հանրապետության անդամակցած միջազգային այլ կազմակերպությունների անվտանգության և ապահովության պահանջներին համապատասխանության նկատմամբ:

3. Սույն օրենքի համաձայն` քաղաքացիական ավիացիայի բնագավառի գործունեության պետական կառավարումն իրականացնելիս համապատասխան կանոններ, կարգեր, հրահանգներ, կանոնակարգեր ու այլ իրավական ակտեր մշակելու և ընդունելու` լիազորված մարմնի իրավասությունները հավասարապես տարածվում են նաև քաղաքացիական ավիացիայի բաղկացուցիչների՝ առևտրային օդային փոխադրումների, ընդհանուր նշանակության ավիացիայի գործունեության, ավիացիոն հատուկ աշխատանքների և պետական ոչ ռազմական ավիացիայի նկատմամբ:

4. Լիազորված մարմնի կողմից իրականացվող ծրագրերի ու ծախսերի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեի և օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

Լիազորված մարմինը Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ կարող է ունենալ արտաբյուջետային հաշիվ, որի միջոցները գոյանում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած աղբյուրներից:

Լիազորված մարմնի արտաբյուջետային միջոցների ծախսման հիմնական ուղղություններն են թռիչքային և (կամ) ավիացիոն անվտանգության ապահովման վերահսկողությունը, կադրերի պատրաստումն ու վերապատրաստումը, լիազորված մարմնի աշխատակիցների պարգևատրումը (այդ թվում՝ քաղաքացիական ծառայողների), ինչպես նաև սույն օրենքով նախատեսված գործառույթների իրականացման համար անհրաժեշտ այլ ծախսեր:

Լիազորված մարմնի արտաբյուջետային հաշվի միջոցներից կատարվում են պարգևատրումներ և աշխատավարձին հավասարեցված այլ վճարներ լիազորված մարմնի բոլոր աշխատակիցներին` իրենց աշխատավարձը տալու կարգին համապատասխան:

Ավիացիայի ոլորտում գործող կոնցեսիոներների համար լիազորված մարմնի ֆինանսավորումն ապահովելու համար հարկեր, տուրքեր կամ այլ վճարումներ չեն կարող սահմանվել:

5. Լիազորված մարմինն իր խնդիրների ու գործառույթների իրականացման նպատակով՝

1) ընդունում է իրավական ակտեր, եթե դրանք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, կամ եթե տվյալ նորմատիվ իրավական ակտի ընդունումը նպատակաուղղված է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կամ դրանցից բխող միջազգային ավիացիոն կազմակերպությունների հրատարակած փաստաթղթերի պահանջների կատարմանը՝ Հայաստանի Հանրապետության կողմից.

2) կարող է ընդունել և (կամ) ճանաչել օտարերկրյա պետությունների քաղաքացիական ավիացիայի բնագավառի իրավասու մարմնի (ներառյալ՝ այդ մարմնի կողմից ընտրված գործակալությունների) և միջազգային ավիացիոն կազմակերպությունների տված սերտիֆիկատները, վկայականները, թույլտվություններն ու տեխնիկական եզրակացությունները:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։