Հոդված 10. Օդային տարածքի կազմակերպումը և թռիչքային կանոնները
Հոդված 10. Օդային տարածքի կազմակերպումը և թռիչքային կանոնները
1. Օդային տարածքը գտնվում է Հայաստանի Հանրապետության լիակատար և բացառիկ ինքնիշխանության ներքո: Օդային տարածք օդանավերի մուտքն ու թռիչքների իրականացումը, ինչպես նաև օդանավերի թռիչքների անվտանգությանը հնարավոր վտանգ պարունակող գործունեությունն իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված՝ համապատասխան թույլտվության հիման վրա:
2. Օդային տարածքի կազմակերպումը պետք է բավարար չափով ապահովի դրա արդյունավետ և ապահով օգտագործումը քաղաքացիական օդանավերի կողմից՝ միաժամանակ հաշվի առնելով ռազմական նպատակներով օդային տարածքի օգտագործման պահանջները: Ռազմական օդային երթևեկության թռիչքային կանոնները սահմանվում են քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու պայմանով:
Օդային տարածքի կազմակերպումն իրականացվում է լիազորված մարմնի և Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի կողմից՝ օդային տարածքի կազմակերպման կարգի համաձայն: Օդային տարածքի կազմակերպման կարգը և թռիչքային կանոնները հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:
Օդային տարածքի կազմակերպումը, թռիչքային կանոնների ներդրումը, կիրառումը և դրանց կատարման նկատմամբ հսկողությունը պետք է համապատասխանեն Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ավիացիայի բնագավառում կնքած բոլոր կոնցեսիոն և դրանց առնչվող այլ պայմանագրերին և ուղղված լինեն դրանց պայմանների ապահովմանը:
3. Օդային տարածքի կազմակերպումն օդային տարածքի օգտագործման հատուկ պայմաններում իրականացվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Օդային տարածքի օգտագործման պայմանները համարվում են հատուկ՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով պատերազմի կամ ռազմական դրության հայտարարման և Հայաստանի Հանրապետության վրա օդային հարձակմանը հակահարված տալու ուղղությամբ գործողություններ ձեռնարկելու անհրաժեշտության դեպքերում:
4. Ելնելով երկրի պաշտպանունակության կամ թռիչքների անվտանգության նկատառումներից` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, օդային տարածքի որոշ մասեր կարող են համարվել ավիացիայի (ոչ ռազմական) համար արգելված, սահմանափակ օգտագործման կամ վտանգավոր գոտիներ: Նշված գոտիների սահմանումը կատարվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի առաջարկությամբ՝ համաձայնեցնելով լիազորված մարմնի հետ: Արգելքները և սահմանափակումներն ըստ հնարավորին սահմանվում են դրանց նպատակների իրականացման համար իրապես պահանջվող ժամանակահատվածից ոչ ավելի երկար ժամանակով:
5. Օդային տարածքի օգտագործման նկատմամբ հսկողությունն իրականացնում են օդային երթևեկության սպասարկման մարմինները և պաշտպանության բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:
6. Քաղաքացիական ավիացիայում թռիչքների իրականացումն ապահովող տեխնիկական միջոցներին ներկայացվող պահանջները սահմանում է լիազորված մարմինը: Դրանց բնականոն գործունեությանը խոչընդոտող սարքեր կամ սարքավորումներ ունեցող ֆիզիկական և իրավաբանական անձինք, ռադիոհաճախությունների տիրույթի օգտագործման կարգն իրականացնող մարմնի պահանջով, պարտավոր են սեփական միջոցների հաշվին վերացնել խանգարումները: Մինչև խանգարումների վերացումը նրանք պարտավոր են ընդհատել նշված սարքերի և սարքավորումների աշխատանքը: